Էկոտուրիզմի զարգացմանը նպաստելու համար
Սեպտեմբերի 20-ին կկայանա Վարդենիսի «Ոսկե Հասկ» փառատոնը, որը նպատակ ունի նպաստել մարզերում էկոտուրիզմի զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում է Հայրենիքի Զարգացման Նախաձեռնությունների Հիմնադրամը:
Ըստ կազմակերպիչների, փառատոն անցկացնելու ավանդույթը կնպաստի ազգային և էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում։
«Ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում է համայնքների զարգացման մասնակցային մոդելը, որը կբարձրացնի տեղական համայնքի լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու կարողությունը, ինչպես նաև իրենց բնակավայրերում զբոսաշրջիկներ ընդունելու և սպասարկելու հմտությունը։
«Ոսկե Հասկ» փառատոնը կդառնա ամենամյա փառատոն: ՀԶՆՀ-ի հիմնական նպատակն է Հայաստանում՝ մասնավորապես հեռավոր համայնքներում, ստեղծել և խթանել կայուն տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փառատոնը կազմակերպում է Հայրենիքի Զարգացման Նախաձեռնություն Հիմնադրամը՝ Վարդենիսի քաղաքապետարանի, Վորլդ Վիժնի, YMCA-ի, Վարդենիս համայնքի զարգացման հիմնադրամի և Հայկական Կարիտասի հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Ջինիշյան հիշատակի հիմնադրամը և One Armenia կազմակերպությունը։