Էյնուլլա Ֆաթուլլաևը, Իլհամ Ալիևի աշխատակազմը և նրանց «իրավապաշտպան» գործունեությունը Եվրոպայում
Նախորդ շաբաթ միջազգային ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ անվճար էլեկտրոնային հաղորդագրությունների համաշխարհային առաջատար Gmail-ը կիբերհարձակման զոհ է դարձել, և գրեթե 5 միլիոն հասցեների գաղտնաբառեր հայտնվել են համացանցում:
Գործընկերներիս լրագրողական հետաքրքրությունը և հանրայնացված տվյալների ահռելի զանգվածի մեջ խորը փնտրտուքը մեզ դուրս բերեցին ալիևյան ռեժիմի որոշ «թաքնված» քարոզիչների՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ծավալած գործունեության վրա:
Panorama.am-ի խմբագրության ստացված տվյալներից պարզվում է, որ ադրբեջանցի լրագրող, նախկին «քաղբանտարկյալ» և «խղճի կապավոր» (Amnesty International-ի տարբերակով) Էյնուլլա Ֆաթուլլաևը՝ «Օկկուպայ Ֆրանկֆուրտ» ձախ անարխիստական կազմակերպության առաջնորդ՝ իր անցանկալիությամբ հայտնի Թոմաս Պիլցի հետ, 2013 թվականի մայիսին Ստրասբուրգում ստեղծել է «Եվրոպական տեղեկատվական իրավապաշտպան կենտրոնը» (European Information Human Rights Center), որում ներգրավել են նաև գերմանացի իրավապաշտպան Գարրի Մյուրեյին և Թուրքիայի ազդեցության մի քանի գործակալների:
Ստրասբուրգում դեռ պաշտոնական գրանցումից առաջ, Ֆաթուլլաևի բաքվեցի հովանավորների աջակցությամբ և Ֆաթուլլաևի անմիջական հսկողությամբ, նշյալ կազմակերպությունը՝ 2013 թվականի ապրիլին, Ադրբեջանի նախագահին կից Ոչ կառավարական կազմակերպությունների աջակցության խորհրդի ծրագրով ստացել է 100 հազար եվրոյի չափ գրանտ:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակա-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի հսկողությամբ՝ կազմակերպության անդամները հանձնարարություն են ստացել գտնել և տիրաժավորել եվրոպական երկրներում մարդու իրավունքների խատխման իրական և ենթադրյալ փաստերը, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատող հայտնի եվրոպական քաղաքական գործիչների վերաբերյալ դոսյե (վարկաբեկող նյութ) հավաքել և հանձնել Բաքվին: «Գործողության» նախաձեռնողը և ֆինանսական հոսքերի համակարգողը Բաքվի «Սորոսի» հիմնադրամի ծրագրային տնօրեն՝ նեղ շրջանակներում քաջ հայտնի Ռովշան Բագիրովն է:
7-10 հոգուց (Շվեդիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Դանիայից և այլն) բաղկացած կազմակերպությունը գործել է 2013 թվականի օգոստոսից, մինչև 2014 թվականի հունիսը, քանի դեռ, դատելով նամակագրությունից, համակարգողների միջև հետաքրքրությունների բախում չի առաջացել, որի պատճառը կազմակերպության գործունեության համար նախատեսված և Ֆաթուլլաևի գործընկերների կողմից յուրացված ֆինանսական միջոցներն էին:
Կազմակերպության գործունեության ծրագիրը, ըստ երևույթին, խափանվել է, երբ աշխատակիցներին հանձնարարվել է հակասեմիթական և հակառուսական նյութեր նախաձեռնել՝ Ադրբեջանական ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ Է. Ֆաթուլլաևին պատկանող haqqin.az կայքում հրապարակելու համար (օրինակ՝ http://haqqin.az/news/26338):
Panorama.am-ի խմբագրությունը տիրապետում է անհերքելի փաստերի՝ առ այն, որ Էյնուլլա Ֆաթուլլաևը՝ «Եվրոպական տեղեկատվական իրավապաշտպան կենտրոնի» ակտիվ գործունեության շրջանում, կազմակերպության առջև խնդիր էր դրել անձամբ հետևել այն եվրոպացի քաղաքական գործիչներին, ովքեր համարձակվում էին ճշմարտությունն ասել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին:
Panorama.am-ի խմբագրությունը տիրապետում է նաև անհերքելի փաստերի, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ուղիղ հրամանով (անձամբ Ալի Հասանովի կողմից) կազմակերպությանը հանձնարարվել էր հրապարակել և տիրաժավորել հակասեմիթական նյութեր: Բաքվում որպես հարթակ էր հանդիսանում Ֆաթուլլաևի կողմից խմբագրվող և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորվող haqqin.az կայքը:
Panorama.am-ի աշխատակիցները՝ գործընկերների հետ, այժմ ուսումնասիրում են նյութերի արխիվը: Մոտ օրերս կշարունակվի տեղեկատվության և պաշտոնական փաստաթղթերի հրապարակումը, որոնք ապացուցում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կապը Ստրասբուրգում գործող «Եվրոպական տեղեկատվական իրավապաշտպան կենտրոնի» հետ, որի անդամների հետ haqqin.az-ի «ընդդիմադիր» խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևի հարաբերությունները, կարծես թե, լրջորեն փչացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան