Իրանի ԱԳ նախարար. «Իսլամական պետությունը» համաշխարհային սպառնալիք է
«Օդային հարվածները չեն կարող վերացնել «Իսլամական պետությանը»»,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, Նյու Յորք կատարած այցի շրջանակներում Արտաքին հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով «Իսլամական պետության» սպառնալիքներին, մասնավորապես նշել է. «''Իսլամական պետությունը՛՛ ոչ թե սպառնում է որևէ պետության կամ տարածաշրջանին, այլ դա համաշխարհային սպառնալիք է: Ներկայում Սիրիայում և Իրաքում հազարավոր օտարերկրացի ահաբեկիչներ կան»:
Արտգործնախարար Զարիֆը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, հավելել է. «Եթե հակառակ կողմի նպատակն այն է, որ համոզվի, թե Իրանի միջուկային ծրագիրն ունի խաղաղ նպատակ, ապա խնդիրը կարող է շատ հեշտ լուծվել, սակայն բանն այն է, որ Միացյալ Նահանգները շարունակում են արծարծել պատժամիջոցների հարցը, և Կոնգրեսը պահանջում է, որպեսզի պատժամիջոցները պահպանվեն»:
Ջավադ Զարիֆը, անդրադառնալով ցենտրիֆուգների ավելացման խնդրին, նշել է, որ դրանց ավելացումը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների ձեռքբերումներից մեկն է: