La Repubblica. Թուրքիայից հետո Հռոմի պապը այցելելու է Հայաստան
Իտալական առաջատար La Repubblica պարբերականն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի Թուրքիա կատարելիք առաջիկա այցին:
«Սկզբում Թուրքիա, իսկ այնուհետև, հավանաբար, Հայաստան: Ֆրանցիսկոս պապը երկու անակնկալ է նախատեսել իր այցելությունների ընթացքում: Որքանով աշխարհը շարունակում է բաժանված մնալ, իսկ Երրորդ համաշխարհային պատերազմն էլ մոտերքում է, ինչպես որ պապն էր նշել, ապա ավելի լավ է հիմա վերացնել այդ խոչընդոտները, քանի դեռ նրանք չեն հասունացել` նույնիսկ այնպիսի տեղերում, որտեղ ոչ ոք դեռ հաջողության չի հասել, ինչպիսին է օրինակ Անկարայի և Երևանի միջև փակված սահմանը: Երկու հակադիր մայրաքաղաքներ, որոնց Պապը հնարավոր է այցելի»,- գրում է պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ` Ֆրանցիսկոս պապի այցը Թուրքիա տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 29-ին և 30-ին: Անդրեաս առաքյալի օրը՝ նոյեմբերի 30-ին պապը ներկա է գտնվելու Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Ըստ պարբերականի սակայն` 99.8 տոկոս մուսուլման բնակչություն ունեցող երկիր իր այցը Հռոմի պապը սկսելու է ոչ թե Ստամբուլից, այլ Անկարայից: Թերթի կարծիքով՝ այս այցը Իրաքում, Սիրիայում և այլ վայրերում իսլամիստ ծայրահեղականների կողմից սպանվող քրիստոնյա բնակչության պաշտպանությանն ուղղված հստակ ազդանշան է:
«Սակայն Թուրքիա կատարելիք այցի հետևում մեկ այլ հանգամանք կա՝ ապրիլ ամսին նշվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և դրա փոխարեն խոսում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած «զանգվածային ջարդերի» մասին: Խորխե Մարիո Բերգոլիոն (պապի աշխարհիկ անունն է), դեռևս Արգենտինայում արքեպիսկոպոս եղած ժամանակներից սերտ կապեր ունի հայկական համայնքի հետ, իսկ հունիսի 3-ին էլ այդ զանգվածային ջարդերը անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Հայտնի է, որ պապը Սուրբ Պետրոսի տաճարում աղոթելու է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, սակայն նա ուզում է ավելի հեռուն գնալ. Հայաստանը նրան հրավիրել է ներկա գտնվելու ապրիլ 24-յան ոգեկոչման արարողությանը և պապը հակված է հրավերն ընդունելու»,- եզրափակել է պարբերականը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին