Առողջ հոգում առողջ մարմին. արցախցի երիտասարդների բանաձևը
Արցախում երիտասարդներին մտահոգող խնդիրները շատ են, և դրանք գրեթե նույնն են, ինչ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, պարզապես ավելի փոքր մասշտաբներով: Այդ խնդիրների, դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանի հետ:
-Ո՞րոնք են երիտասարդների շրջանում ամենաակնառու խնդիրները:
-Հիմնականը կրթության որակի, մասնագիտություն ստանալու և զբաղվածության, սոցիալական ու բնակարանային խնդիրներն են: Երիտասարդները չեն կարողանում օգտվել հիփոթեքային ծրագրերից: Երիտասարդ գործարարների մոտ վարկավորման և տնտեսություններ հիմնելու, զարգացնելու խնդիրները կան: Կան նաև դրանց օբյեկտիվ պատճառները, որոնք մասնավորապես երկրի տնտեսական վիճակի հետ են կապված:
-Առաջնայինն ինչի՞ վրա եք ուշադրություն դարձնում:
-Կրթության որակի բարձրացման և մասնագիտական կրթություն ստանալու վրա ենք սևեռված: Մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ ֆորմալ կրթությանը: Իրականացնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են դրա զարգացմանը: Լինում են դասընթացներ տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ, աշխատանքներ են տարվում ճիշտ մասնագիտական կողմնորոշման հարցում: Մի փոքր մոնիթորինգ ենք արել երիտասարդների շրջանում, թե որտեղից է առաջանում սխալ կողմնորոշման խնդիրը, եկել ենք այն եզրակացության, որ առաջին հերթին դպրոցից են սխալ կողմոնորոշվում իրենց մասնագիտության ընտրության հարցում: Իրենց պատկերացումներն ապագա մասնագիտության մասին և ռեալ ունակությունները, որ պահանջվում են, չեն համընկնում: Արդեն երկրորդ կուրսում հասկանում են, որ իրենց ընտրած մասնագիտությամբ երբեք չեն աշխատելու: Փորձում են գտնել ուրիշ հաստատություններ, որտեղ կարող են, դասընթացներ անցնելով, այնպիսի որակավորում ստանալ, որով հաստատ կաշխատեն հետագայում: Արդեն երկու տարի է՝ ավագ դպրոցականների շրջանում թրեյնինգներ ենք անցկացնում, երեխաների հետ թեստերով, հոգեբանական դասերով աշխատում ենք, որ այդ ընտրությունը ճիշտ կատարվի:
-Այսօրվա արցախցի երիտասարդը որքանո՞վ է հաղորդակից իր ազգային մշակույթին և որքանո՞վ է դրա կրողն ու շարունակողը:
-Սա կարևոր հարց է: Նախարարությունը, քանի որ մշակույթի և երիտասարդության հարցերով է զբաղվում, մենք հատուկ մշակութային կրթության վրա ենք ուշադրություն դարձնում: Մինչ անկախությունը մենք կարծես կորցրել էինք մեր մշակույթի հետ կապը: Հիմա հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր մշակութային ժառանգության, ազգային խաղերի, պարերի, մեր պատմության վրա: Գնալով ավելի մեծ թվով երիտասարդներ են ընդգրկվում մեր կազմակերպած ազգագրական պարերի բաց դասերի խմբակներում: Եթե այսօր մեր երիտասարդին հարցնեք մեր ազգային պարերի մասին, շատերը գիտեն ու կկարողանան պարել, շատերը տիրապետում են մեր հայկական ազգային խաղերին: Զարգացնում ենք նաև ազգային արհեստները՝ խեցեգործություն, գորգագործություն և այլն: Լավ միտում կա, երիտասարդները ձգտում են ազգայինին: Մենք աշխատում ենք նաև դպրոցներում մշակութային կրթությունը մտցնելու ուղղությամբ, որպեսզի մեր հարուստ մշակութային ժառանգությունը փոխանցենք սերունդներին:
-Հոգևոր դաստիարակության ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում:
-Երիտասարդների հոգևոր դաստիարակությունը ևս խիստ կարևորում ենք: Եթե ասում են՝ «առողջ մարմնում առողջ հոգի», մենք դրա այլ տարբերակն ունենք՝ «առողջ հոգում առողջ մարմին»: Սա և առողջ ապրելակերպն է, և հոգևոր անվտանգությունն է: Վերջին տարիներին բազմաթիվ կրոնական կազմակերպություններ են ներխուժել Հայաստան, որտեղից էլ հասել են նաև Արցախ: Նրանց թիրախում, իհարկե, երիտասարդներն են, քայքայիչ գորունեություն են ծավալում ընտանիքներում, բանակում… բոլոր ոլորտներում: Մենք փորձում ենք ոչ թե արգելել նրանց գործունեությունը, այլ ուշադրություն դարձնել մեր ճիշտ հոգևոր դաստիարակության վրա: Եթե դու քո հոգևոր իմունիտետն ունես, կարողանում ես դիմադրել օտարների ազդեցությանը: Ունենք հոգևոր անվտանգության ծրագիր, այն տարրական կանոնները, որ մարդ պիտի իմանա, տարածում ենք՝ կապելով առողջ ապրելակերպի հետ: Մեր ազգի հոգևոր վերածնունդը պիտի Արցախից սկսվի: