«Առողջություն-2020»-ը հիմնարար ուղեցույց կլինի հետագա մեր ծրագրերի իրականացման համար. Ա. Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 15-18-ին Կոպենհագենում մասնակցել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին։ Նիստերին քննարկվել են տարածաշրջանային առողջապահական խնդիրներ և ծրագրեր:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարն իր ելույթում նշել է, որ կյանքի են կոչվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության ռազմավարական գաղափարներն ու դրույթները:
«Այսօր ավարտական փուլում է Հայաստանի առողջապահական համակարգի ազգային ռազմավարության մշակումը: Փաստաթղթի ստեղծման համար հարթակ է հանդիսացել հենց «Առողջություն -2020» ռազմավարական ծրագիրը: Առաջիկա տարիներին այն հիմնարար ուղեցույց կլինի հետագա մեր ծրագրերի իրականացման համար»,- ասել է Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այդ փաստաթղթի ներդրմամբ առողջապահական ցուցանիշներում իրական դրական տեղաշարժեր կապահովվեն:
Նախարարը շեշտել է, որ առողջապահական համակարգը զարգացնելու նպատակով Հայաստանը մշտապես ձգտում է ընդլայնել ակտիվ և արդյունավետ համագործակցությունը գործընկերների, ինչպես նաև բժշկական մասնագիտական միավորումների, մասնավոր հատվածի հետ, ինչը կնպաստի նաև հանրային առողջապահության զարգացմանը:
«Մենք առանձնահատուկ կարևորում ենք ԱՀԿ-ի հետ համագործակցությունը և ակնկալում հետագա աջակցություն»,- նշել է նախարարը:
«Առողջություն -2020» քաղաքականության վերաբերյալ Արմեն Մուրադյանի ելույթի առթիվ տարբեր երկրների առողջապահության նախարարների կողմից բարձր գնահատականներ են հնչել։ Մասնավորապես նշվել է, որ այդ ուղղությամբ Հայաստանում առաջադեմ քայլեր են ձեռնարկվում` ընդգծելով հատկապես «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի և դրա կատարումն ապահովող միջոցառումների» մշակումը:
Կոմիտեի շրջանակում ԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր և համատեղ կիրականացվի հանրային առողջապահական ծառայություննների և համակարգի գնահատում:
Նստաշրջանի 4 օրվա ընթացքում հաշվետվություններ են ներկայացվել նաև ԱՀԿ-ի բարեփոխումների, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության և սնուցման, պատվաստանյութերով ապահովման և այլ խնդիրների վերաբերյալ:
Կոպենհագեն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» դեղարտադրող ընկերության ղեկավարության հետ։ Այս կազմակերպության հետ նախարարությունը ինսուլինի ձեռքբերման 5 տարվա պայմանագիր է կնքել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության նոր մոտեցումներ։ Արմեն Մուրադյանին ներկայացրել են գիտական և կլինիկական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա