Հանրահավաքը 5 օրով հետաձգելու առաջարկ չի եղել. Նաիրա Զոհրաբյան
«Մենք չէինք կարող համաձայնվել կամ չհամաձայնվել չարված առաջարկի հետ: Հանրահավաքը 5 օրով` մինչև հոկտեմբերի 15-ը, հետաձգելու առաջարկ չի եղել»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արված հայտարարությունը, թե «Դաշնակցությունը» քառյակի նիստում առաջարկել էր հինգ օր հետաձգել հանրահավաքը, սակայն քառյակի մյուս ուժերը չեն համաձայնել և ինչ պատճառով չեն համաձայնվել ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի կողմից եղել է առաջարկ հետաձգել հանրահավաքը այնքան ժամանակ, մինչև իշխանությունները կպատասխանեն` ընդունո՞ւմ են Դաշնակցության առաջարկած փոփոխությունների փաթեթը, թե ոչ: Իսկ այդ ժամանակը, նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը, կարող էր ձգվել, օրինակ, մինչև Սահմանադրական հանրաքվեի անցկացումից մեկ կամ երկու ամիս առաջ:
«Ուստի կրկնում եմ` առաջարկ ՀՅԴ-ի կողմից ընդամենը հինգ օրով, այն է` մինչև հոկտեմբերի 15-ը հետաձգել համատեղ հանրահավաքը չի եղել: Քառյակի մնացած քաղաքական ուժերը չէին կարող համաձայնել կամ չհամաձայնել չարված առաջարկին: Ավելին` ես կարծում եմ, որ իշխանությունը հենց այդպես էլ կվարվի և հոկտեմբերի 15-ին, կոնկրետ 18.00-ին կամ 21.00-ին չի պատասխանի` ընդունում է ՀՅԴ-ի առաջարկները թե ոչ»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի այս որոշմանը հատկապես իշխանական ճամբարից հետևած արձագանքներին, մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի Panorama.am-ին տված հարցազրույցում հնչած մտքերին, Ն. Զոհրաբյանն ասաց, որ քաղաքական որևէ ուժի սկզբունքայնությունը կասկածի տակ առնելու խնդիր չունի. «Բայց իշխանական գովերգողներին խորհուրդ կտամ մեկ անգամ ևս քննարկել իրենց իսկ սկզբունքայնությունը: Եվ եթե փորձեմ թվարկել, թե ընդամենը 1.5 տարի առաջ իշխանական կուսակցության քաղաքական իդեոլոգները, թիվ մեկ դեմքերը ինչպիսի հայտարարություններ, ինչպիսի բացասական գնահատականներ էին տալիս կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մոդելին, ապա դա առնվազն ժամեր կտևի»:
Այդուհանդերձ որոշ հայտարարություններ նա հիշեցրեց. «Նրանցից մեկը, ով այսօր Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում է, ուղղակիորեն հայտարարեց, որ կառավարման խորհրդարանական մոդելով ֆաշիզմն ու Հիտլերը եկան իշխանության: Մյուսը` ի դեմս ՀՀԿ իդեոլոգ Արմեն Աշոտյանի հայտարարեց, որ պետք չէ կեղծ գաղափարներ դնել շրջանառության մեջ, որ այսօր երկրի առջև ծառացած են շատ ավելի կարևոր խնդիրներ և քաղաքական ուժերը պիտի խոսեն աղքատությունից, գործազրկությունից: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, որը ՀՀԿ կանոնադրության համաձայն ներկայացնում է կուսակցության պաշտոնական տեսակետը հայտարարեց, որ կիսապատերազմական վիճակում գտնվող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, ուղղակիորեն անընդունելի է կառավարման խորհրդարանական մոդելին անցնելը, իսկ ՀՀԿ մեկ այլ իդեոլոգ Դավիթ Հարությունյանն էլ հայտարարեց, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը նշանակում է կուսակցական դիկտատուրա… Եվ այս ցանկը կարելի է երկար ու անվերջ թվարկել»:
ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ընդամենը խորհուրդ կտա այս կամ այն քաղաքական ուժի սկզբունքայնությունը կշռելուց և գնահատական տալուց առաջ մի հատ նայել սեփական քայլերին, նախկինում և այժմ արվող հայտարարություններին:
Անդրադառնալով հանրահավաքին ընդառաջ եռյակի մարզային հանդիպումներին, Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ եռյակը ամենօրյա ռեժիմով աշխատանքային քննարկումներ է անցկացնում և այսօր ևս ունեն հանդիպում, որի ընթացքում էլ կփորձեն ամբողջացնել մարզային այցելությունների ժամանակացույցը:
Հարակից հրապարակում`
Սահմանադրական բարեփոխումներին նայել միայն «ՀՀԿ-ն կգա իշխանության, թե ոչ» կոնտեքստում անլուրջ է Է.Շարմազանով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան