Պատգամավորները պահանջում են «Նաիրիտ»-ի մասին օրենք
Ժամանակն է, որ «Նաիրիտ»-ի վերաբերյալ առանձին օրենք ունենանք, որը կերաշխավորի թե «Նաիրիտ»-ի պարտքերի մասով, թե գործարանի հետագա գործունեությունը: Այս մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Գործընկերոջ առաջարկը հավանության արժանացրեց նաև ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ով նշեց, որ օրենքը իսկապես կարևոր է, քանի որ կպաշտպանի ոչ միայն ապագա ներդրողների շահերը, այլև հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել նոր շուկաների խնդիրը:
Ա.Մինասյանը նաև նշեց, որ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ գործարանը ունակ է աշխատել ու իր ուրույն դերն ունենալ նաև միջազգային շուկայում, առաջնային է սեփականատիրոջ ու պարտքերի առանձնացման խնդիրը:
«Սա է առաջնային»,- շեշտեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Ի դեպ, ավելի վաղ Դաշնակցության ներկայացուցիչը, դիմելով նախարարին կարևորեց «Նաիրիտ»-ի հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելը, սակայն Երվանդ Զախարյանը նշեց, որ հանձնաժողով ստեղծել-չստեղծելը զուտ ԱԺ իրավասությունն է: