Նաիրիտ. «Միակ խնդիրը միջոցներ ու ներդրումներ գտնելն է»
«Ամենացավալին այն է, որ ամեն օր մասնագետները պակասում են, իսկ անգամ օտարերկրյա մասնագետներն են ընդունում, որ դա «Նաիրիտի» հիմնական հարստությունն է: Մենք արդեն այսօր ունենք կադրերի պակաս, էլ չեմ խոսում այն մասին, որ մասնագետների տարիքը 50-ից բարձր է»,- էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Նաիրիտի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Իսրայելյանը:
Վերջինս հայտարարեց նաև, որ տեխնոլոգիապես և տեխնիկապես գործարանը որևէ խնդիր չունի վերագործարկվելու համար, այն էլ շատ կարճ ժամանակում. «Միակ խնդիրը միջոցներ ու ներդրումներ գտնելն է»:
«Ուղղակի խնդրում եմ այս քննարկումներն արագացնեք, որ մենք էլ հասկանանք` հնարավո՞ր է գործարանը վերագործարկել, թե՞ ոչ»,- դիմելով կոնկրետ Երվանդ Զախարյանին` ասաց գործարանի նախկին տնօրենը:
«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ գործարանը պետք է վերագործարկվի և կարող եմ ասել, որ կառավարությունը, նախարարությունը ամեն ինչ անելու է այդ ուղղությամբ»,- նշեց Էներգետիկայի նախարարն ու ավելացրեց, որ «Նաիրիտ»-ի հետագա ճակատագրի վերաբերյալ ցանկացած ընդունվող որոշում բավականին ծանր է ու պատասխանատու, այնպես որ փաթեթի առկայության դեպքում քննարկումները կշարունակվեն: