ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզում անվճար բժշկական ծառայություններից օգտվել է շուրջ 1,500 մարդ
Ամփոփվել են Սյունիքի մարզում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի համատեղ ծրագրի արդյունքները, որի շրջանակներում մարզի բնակիչների համար անցկացվել են անվճար ակնային զննումներ, ինչպես նաև իրականացվել են բուժումներ և վիրահատություններ: Անվճար վիրահատություններն ու լազերային բուժումները մարզի բնակիչներին տրամադրվել են՝ հաշվի առնելով վերջիններիս սոցիալական կարգավիճակը: Այս մասին հայտնում է Orange Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Շուրջ 1 500 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է 337 վիրահատություն: Ծրագրի շրջանակներում հոկտեմբեր ամսին մարզի ինը դպրոցներում կիրականացվեն ակնային զննումներ, ինչպես նաև անկային խնամքի հանրակրթական դասընթացներ երեխաների համար:
«Այս լայնամասշտաբ ծրագիրը, որն իրականացնում ենք մեր գործընկերների հետ միասին, հավանաբար Orange Հինադրամի իրականացված ամենատպավորիչ նախագծերից է, քանի որ այն շոշափելի կերպով բարելավում է հազարավոր մարդկանց կյանքը: Հպարտ ենք, որ 2011 թվականից ի վեր, երբ մենք սկսեցինք համագործակցությունը Հայկական ակնաբուժության ծրագրի հետ, ավելի քան 66 000 մարդ oգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից: Պատրաստվում ենք շարունակել այս համագործակցությունը` ակնաբուժական ծառայությունները դարձնելով առավել հասանելի Հայաստանի մարզերի բնակիչներին»,-ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Սա մեր վեցերորդ այցն է Սյունիք: Ուրախ ենք, որ այցելություններից երկուսն իրականացնում ենք Orange Հիմնադրամի հետ միասին: Մարզի բնակչությունն այդքան էլ մեծաքանակ չէ, սակայն կարևորվում է ռազմավարական նշանակությունը և հեռավորությունը մայրաքաղաքից, որտեղ ակնային ծառայությունների հասանելիությունը ավելի մեծ է: Վերջինս շարունակում է խնդիր մնալ Սյունիքի համար: Ուստի և իրականացված աշխատանքները հատկապես անհրաժեշտ էին մարզում ակնային խնդիրներ ունեցող սոցիալապես անապահով մարդկանց համար»,-նշել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ 2014 թ. ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանի հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11 300 մեծահասակների և 4 600 երեխաների, տրամադրել շուրջ 2 000 ակնոց: Արդեն իրականացվել է այս տարվա ծրագրի Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի փուլերը: Շարժական հիվանդանոցում այս տարվա ընթացքում կիրականացվի ընդհանուր թվով 1 000-ից ավելի վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ մարզերի դպրոցներում կազմակերպվում են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:
Ծրագրի հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել Արմավիրի մարզում:
Սկսած 2011 թ.՝ ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ ավելի քան 66 000 հոգի (մոտ 54 000 մեծահասակներ և 12 000 երեխաներ) անցել են ակնային զննումներ, 8 487 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 5 044 վիրահատություն և լազերային բուժում, դուրս է գրվել 23 631 ակնոց: Ծրագիրը գործել է Հայաստանի ինը մարզերում, որոնցից Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր իրականացվել են կրկնակի այցելություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում