Հասան Ռոհանի. Օբամայի հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է
«Իրան-ԱՄՆ հարաբերությունները չեն կարող այդպես մնալ, դրանք մի օր կկարգավորվեն»,-այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը ամերիկյան «NBS» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարին, մասնավորապես նշել է. «Իմ կառավարության նպատակն այն է, որպեսզի առկա լարվածությունը թուլացնենք և այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի երկու ժողովուրդները կարողանան միմյանց ավելի մոտիկ լինել: Իրանի ժողովուրդը հարուստ քաղաքակրթություն ունի, ամերիկացիներն էլ ներկայում շատ ակտիվ են գիտության, մշակույթի, տնտեսության բնագավառում, հետևաբար երկու ժողովուրդների համագործակցությունը կարող է շատ խնդիրներ լուծել»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր ԱՄՆ-ի նախագահն այցելի Իրան, նախագահ Ռոհանին պատասխանել է. «Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների չկարգավորված լինելը չի կարող այդպես մնալ մինչև ահեղ դատաստան: Մի ինչ-որ հարմար ժամանակ, կամ այս, կամ մյուս կառավարության օրոք Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կկարգավորվեն. 100 տարի այդպես մնալ չեն կարող»:
Իրանի նախագահը, անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահին հանդիպելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Օրակարգում դեռևս նախագահ Օբամայի հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է»:
Նշենք, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: