Արաբագետը` բրիտանացի պատանդի նոր տեսանյութի մասին
Սեպտեմբերի 18-ին ԶԼՄ-ներում տարածվեց «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից առևանգված մեկ այլ պատանդի՝ բրիտանացի ֆոտոլրագրող Ջոն Քենթլիի տեսագրությունը որը մեկնաբանելու համար «Panorama.am»-ի թղթակիցը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:
Ըստ արաբագետի՝ եթե իսլամականների կողմից տարածված նախկին երեք տեսագրություններն ավարտվեցին պատանդների գլխատմամբ, ապա վերոնշյալ տեսագրությունը տարբերվեց նրանով, որ այստեղ Ջոն Քենթլին, սեղանի շուրջ նստած, բավական կշռադատված տոնայնությամբ, կոչ է հղում արևմտյան տերություններին հրաժարվել ԻՊ-ի դեմ ուղղված ռազմական գործողություններից՝ նշելով, որ այսուհետ, նման տեսագրությունները կհետաքրքրեն նրանով, որ ցույց կտան ԻՊ-ին հակառակ տեսանկյունից:
ԻՊ-ն իր պահվածքով համաշխարհային հանրության աչքին մոլեռանդ ու դաժան կառույցի հեղինակություն ձեռք բերեց, որը հնարավորություն տվեց Արևմուտքին հասարակական լայն ընկալման մեջ հեշտությամբ կերտել ԻՊ-ի՝ թիվ մեկ թշնամու կերպարը, որի դեմ պետք է անհապաղ պայքար մղել:
Ավելին՝ ԻՊ-ին ոչնչացնելու համար ձևավորվող կոալիցիայի դեմ կարծիքներն աշխարհում շատ ավելի քիչ էին, քան, ասենք, 2003թ., երբ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված կոալիցիոն ուժերը սկսեցին հարձակումը Սադամ Հուսեյնի ղեկավարած Իրաքի դեմ, ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ վերջին տեսագրությունը որոշակի ուղերձներ է պարունակում: Ասել է թե՝ ԻՊ-ում այնքան էլ մոլեռանդներ չեն հավաքված, և կառույցի հետ հնարավոր է երկխոսել՝ գտնելով շատ հարցերի պատասխաններ: Սակայն, մյուս կողմից էլ, նման տեսագրությունների տարածումը կարող է խոսել այն մասին, որ Իրաքում ԻՊ-ի դիրքերին ուղղված օդային հարվածները զգալի վնաս են հասցնում կառույցին:
Եթե վերջին տեսանյութը որոշակի փոփոխությունների մասին է խոսում ԻՊ-ի վարքագծում, ապա այդ փոփոխությունները հստակ կերևան ԻՊ-ի մոտ պահվող բրիտանացի մեկ այլ պատանդի՝ Ալան Հենինգի հետ կապված իսլամականների պահվածքից: Հենինգին իսլամականները ի ցույց դրեցին երրորդ տեսանյութում՝ շեշտելով, որ հաջորդ զոհը լինելու է հենց Հինինգը: Խնդիրը կայանում է նրանում, որ Ալան Հենինգը բրիտանացի վարորդ է և իր մեքենայով Մեծ Բրիտանիայից օգնություն էր տեղափոխում հենց սիրիական ընդդիմությանը (այդ թվում նաև իսլամական արմատականներին), և Սիրիայում գերևարվեց իսլամականների կողմից: Նրա ազատ արձակման համար նաև բազմաթիվ մուսուլմաններ են կոչով դիմել ԻՊ-ին, սակայն դրանք մնացել են անարձագանք:
Բոլոր նախորդ երեք գլխատված պատանդների տեսանյութերը ԶԼՄ-ներում հայտնվում էին 10-13 օրվա կտրվածքով: Եթե Հենինգի տեսանյութը չհայտնվի այդ ժամանակահատվածում, կարելի է փաստել, որ ԻՊ-ի վարքագծում փոփոխություն կա, եթե, այնուամենայնիվ, Հենինգին գլխատեն, ապա ԻՊ-ը բոլորի աչքերում կմնա նույն մոլեռանդ իսլամական ծայրահեղ արմատական կառույցը, որին ամենևին չի անհանգստացնում իր շուրջ ստեղծված իմիջը՝ եզրափակեց արաբագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում