Այսպես շարունակելն ահնարին է. Ե.Զախարյանը` «Նաիրիտ»-ի մասին
«Նաիրիտցիների վրդովմունքը և դժգհությունները հասկանալի են: Իրավիճակով խիստ անհանգիստ են ՀՀ նախագահն ու վարչապետը և կա հանձնարարություն` առաջարկությունների փաթեթ ձևավորել ու ներկայացնել այն կառավարությանը»,- Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտ»-ի խնդրին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ «Նաիրիտն» ունի 102 մլրդ 876 մլն դրամի պարտք, այս թվի մեջ ներառված է նաև աշխատավարձի պարտքը, խնդիրը իսկապես մտել է փակուղի ու շտապ լուծում է պահանջում:
«Իրավիճակը այսպես շարունակելն ահնարին է, որովհետև անհնար է ամեն ամիս մյուս ընկերությունների հաշվին աշխատավարձ տալ»,- նշեց նախարարը` առաջարկելով ներկաներին` «Նաիրիտ»-ի ներկայացուցիչներին, ԱԺ պատգամավորներին և շահագրգիռ մյուս կողմերին հանդես գալ առաջարկներով` ինչպե՞ս են իրենք տեսնում խնդրի լուծումը:
Նախարարից հետո խոսքով հանդես եկավ «Նաիրիտ»-ի ներկայացուցիչը, ով նշեց, որ գործարանը պատրաստ է վերագործարկվելու` համապատասխան ներդրումների պարագայում և իրենք տեսլականը, թե ինչպես են դա պատկերացնում, հստակ ունեն:
«Դուք երբ պահանջեք, մենք կներկայացնենք փաթեթը»,- դիմելով նախարարին դիմեց «Նաիրիտ»-ի ներկայացուցիչ Սաղաթելյանը:
Երվանդ Զախարյանն էլ արձագանքեց, որ իրենք գործարանը վերագործարկելու մասով առաջարկություններ պարբերաբար ստացել են, բայց ռեալ ներդրումային առաջարկություններ գոնե իր նախարարության օրոք չեն եղել:
«Վերջին առաջարկը, որ եղել է «Ռոսնեֆտի» կողմից այսպիսին էր` խոստացել են մինչև օգոստոսի վերջ ներկայացնել իրենց առաջարկությունները , ուսումնասիրությունները, բայց մինչև այսօր նախարարությունը «Ռոսնեֆտ»-ից ոչինչ չի ստացել: Դրա համար մեր այսօրվա հիմնական նպատակը ներդրումային հստակ ծրագիր ունենալն է, քանի որ նման առաջարկ այսօր, կրկնում եմ, չունենք»,- հավելեց նախարարը` հատուկ շեշտը դնելով «Ռոսնեֆտ»-ից ստացած առաջարկի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելուն, քանի որ այդ մասին շատ է խոսվում:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հորդորեց նաև ներկաներին մեղավորներ չփնտրել, թե ինչու և ինչպես տնտեսության ողնաշար հանդիսացող «Նաիրիտը» հայտնվել նման վիճակում և չզբաղվել դրանով, քանի որ այդ գործով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները: Փոխարենը հարկ է լուծումներ գտնել իրավիճակը փոխելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում