Ուկրաինան չի մասնակցի «Եվրատեսիլ-2015»-ին
Ֆինանսական խնդիրների պատճառով Ուկրաինան չի մասնակցի «Եվրատեսիլ-2015»-ին, սակայն ծրագրում է կրկին մասնակից ներկայացնել «Եվրատեսիլ-2016»-ին: Այս մասին գրում է «Գազետա. ռու»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությանը (ՈւԱՀ):
«Ուկրաինայի անկայուն ֆինանսական ու քաղաքական իրավիճակը և երկրի արևելքում ընթացող ռազմական գործողությունները ՈւԱՀ-ին ստիպել են կենտրոնանալ գլխավորի՝ Ուկրաինայում հասարակական հեռարձակման ցանցի հնարավորին արագ ձևավորման վրա: Դրա հետ կապված՝ ստիպված ենք առավելագույնս կրճատել բոլոր ծախսերը»,-նշվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ:
«Հասկանում ենք, որ «Եվրատեսիլը» հեղինակավոր նախագիծ է: Սակայն մենք իրավունք չունենք ինչ-որ բան վատ անելու: Իսկ լավ անելու համար ուղղակի միջոցներ չունենք: Այս պատճառով էլ նման որոշում է ընդունվել»,-մեկնաբանել է իրավիճակը ՈւԱՀ գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան: