Թուրքիայի ցանկացածն արվեց «Իսլամական պետության» ձեռքով. Փորձագետ
«Դեյր էլ-Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը տեղավորվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության տրամաբանության մեջ. իսլամականները հերթական վայրագ գործողությամբ մի քանի նպատակ են հետապնդում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մենաբանելով «Իսլամական պետության» զինյալների կողմից սեպտեմբերի 21-ին Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցին պայթեցնելու մասին տեղեկատվությունը:
Փորձագետի կարծիքով, դա բնականաբար դա միտումնավոր կերպով արված գործողություն էր, որով կառույցը մի շարք նպատակներ է հետապնդում: Նախ, իրենց գործունեությունը մշտապես իսլամական իրավունքի, շարիաթի նորմերով հիմնավորող իսլամականները նման կերպ ևս մեկ անգամ ընդգծում են իրենց անհանդուրժողական վերաբերմունքը ոչ մուսուլմանների և նրանց հոգևոր ու մշակութային արժեքների հանդեպ:
«Ի դեպ, սա հայկական հոգևոր հաստատությունների դեմ ԻՊ-ի իրականացրած եզակի քայլ չէ. ավելի վաղ՝ դեռևս 2013 թ. սեպտեմբերին նույն կառույցի ներկայացուցիչները Սիրիայի հյուսիսում՝ Ռակա քաղաքի հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցու գմբեթից իջեցրել էին խաչը և այն փոխարինել կազմակերպության դրոշով, իսկ ավելի ուշ՝ դեկտեմբեր ամսին կառույցը վերածել դատական գրասենյակի: Իսկ ինչ վերաբերում է հենց Դեյր էլ-Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցուն, ապա դեռևս 2012 թ. նոյեմբերին այն էականորեն տուժել էր շրջանում ընթացող ռազմական գործողություններից և չէր գործում»,- հիշեցրեց Պետրոսյանը:
«Ապա, նման գործողություններով ԻՊ-ը ձգտում է հերթական անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իր գործունեության վրա, ինչի արդյունքին էլ ականատես ենք լինում. Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերն իր գոյությամբ, անգամ անվանումով ամփոփող հոգևոր կոթողի պայթեցման վայրագ գործողությունը լայն արձագանք գտավ ինչպես հայաստանյան, Սփյուռքի հայկական, նաև միջազգային բազմաթիվ ԶԼՄ-ներում, այնպես էլ դիվանագիտական դաշտում. միջադեպի կապակցությամբ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը և Արտաքին գործերի նախարարը. կանխատեսելի է, որ այս գործընթացը ևս շարունակական բնույթ կստանա,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցն, ապա մանրամասնեց,- Իսկ նման հնչեղ և վայրագ գործողոթյուններով ԻՊ-ի գործունեությունը տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների միջոցով հասանելի է դառնում նաև աշխարհի տարբեր ծայրերում բնակվող և իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով տոգորված երիտասարդներին, որոնց շրջանում կառույցին անդամկցելն ու նրա գործունեությանը նպաստելը ցանկալի ու գայթակղիչ նպատակ է դառնում. ասել է թե՝ նման կերպ, ԻՊ-ն նաև սեփական շարքերը համալրելու խնդիրն է լուծում»:
Ինչ վերաբերում է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման գործում Թուրքիայի հնարավոր դերակատարությանն, ապա, ըստ Պետրոսյանի, դրանում, ուղղակի ապացույցներ դժվար է գտնել, մինչդեռ տրամաբանական կապ, անշուշտ, կա: Նախ, սիրիական հակամարտությանը ներգրավվելու թուրքական իշխանությունների գուցե ոչ առաջնային, այնուամենայնիվ հեռահար նպատակներից մեկն էլ պատմական հայրենիքին ամենամոտը հանդիսացող սիրիահայ համայնքի և նրա հոգևոր ու մշակութային հարստության իսպառ ոչնչացումն էր:
Այս համատեքստում, որպես հիմնավորում՝ հիշենք մարտի 21-ին պատմական Քեսաբի դեմ թուրքական իշխանությունների աջակցությունը վայելող սիրիական հակակառավարական խմբավորումների իրականացրած հարձակումը, Հալեպում հայկական թաղամասերի դեմ պարբերաբար կազմակերպվող գրոհները, նույն Սրբոց Նահատակաց եկեղեցու հետ կապված միջադեպը և այլն: Իսկ Թուրքիայի և ԻՊ-ի միջև առկա ստվերային կապերի մասին էլ խոսում է նույնիսկ միջազգային հանրությունը, գրում են արտասահմանյան հեղինակավոր պարբերականները՝ հավաստելով թուրքական իշխանությունների կողմից կառույցի սնուցման, աջակցության, հովանավորման ուղիները չարգելափակելու իրողությունը, ինչպես նաև, ընդամենը 2 օր առաջ իսլամականների մոտ պատանդ պահվող այդ երկրի 49 քաղաքացիների անաղմուկ ազատման փաստը: