Ինչի՞ կհանգեցնի նավթի գների հետագա անկումը. Ադրբեջանն անհանգստացած է
Վերջին ամիսներին նավթի համաշխարհային շուկայում նկատվող գնանկման միտումները հանգեցրեցին գների չկանխատեսված նվազման: Սեպտեմբերի 11-ին նավթի գները հասան վերջին երկու տարում գրանցված պատմական նվազագույնին՝ հասնելով 96.8 դոլարի՝ Brent մարկայի մեկ բարելի դիմաց: Սա աննախադեպ իրադարձություն է վառելիքի համաշխարհային շուկայում, քանի որ ընդամենը երկու ամիս առաջ նավթի գները տատանվում էին 110-112 դոլարի սահմաններում և նման վատատեսական սցենար դժվար էր պատկերացնել նավթարդյունահանող երկրների համար:
Գների անկումը նախ և առաջ կապվում է մի շարք գործոնների հետ: ԱՄՆ-ի կողմից շուկայում նավթի առաջարկի շարունակական ավելացումը նպաստեց, որպեսզի նավթի մեկ բարելի գինը նվազի խորհրդանշական համարվող 100 դոլարից: Մյուս կողմից, չնայած տիրող լարվածությանը, Լիբիայում ավելացել են օրական արդյունահանման ծավալները՝ հասնելով 740 հազար բարելի, ինչը նույնպես ավելացրել է նավթի առաջարկը` խորացնելով գնանկման միտումները: Կարևոր գործոն է նավթի խոշորագույն ներմուծող երկրներում տնտեսական աճի դանդաղումը: Միջազգային էներգետիկ գործակալության(IEA) ամենամսյա հաշվետվության համաձայն տնտեսական աճի տեմպերի դանդաղելու և նոր էներգախնայող միջոցների ավելի լայն կիրառման արդյունքում նավթի համաշխարհային պահանջարկը նվազել է և նման միտում կա նաև գալիք տարում:
Բյուջետային ճգնաժամի վտանգը նավթարդյունաբերող երկրներում
Նավթի գների անկումը անմիջկանորեն ազդում են մի շարք խոշոր նավթարդյունաբերող երկրների պետական բյուջեների կատարողականի վրա: Խնդիրն այն է, որ նավթարդյունաբերող երկրների մեծամասնության մոտ բյուջեի եկամուտների հիմնական մուտքերը ապահովվում են նավթի վաճառքից, հետևաբար գնանկումը նվազեցնում է բյուջի մուտքերը՝ մեծացնելով բյուջետային ճգնաժամի հավանականությունը: Նման վատատեսական սցենար կարող է առաջ գալ առաջին հերթին Ռուսաստանի համար, մանավանդ, Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման ֆոնին: Ռուսաստանի պետբյուջեի համար նավթի գների ներկա մակարդակը դեռևս կրիտիկական չի համարվում, սակայն 5-7 դոլար նվազելու և դրա պահպանման պայմաններում բյուջեի եկամուտ-ծախս հավասարակշռությունը կարող է էականորեն խախտվել: Գաղտնիք չէ, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները ուղղված են նաև Ռուսաստանի նավթարդյունաբերության դեմ: Այս ոլորտում ռուսական ընկերությունների կողմից հեռանկարային գրեթե բոլոր նախագծերի իրացումը սպառնալիքի տակ է դրվել: Նավթի գների հետագա անկումից առաջացած հետևանքները վերացնելու ուղղությամբ Ռուսաստանում արդեն փորձում են քայլեր ձեռնարկել: ՌԴ-ը ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ ռուսական Urals մարկայի նավթի գների 96 դոլարից նվազելու դեպքում ֆիննախարարությունը քայլեր կձեռնարկի, քանի որ բյուջեում նավթի գինը հաշվարկված է 96 դոլարով: Հիշեցնենք, որ այժմ՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ Urals-ի գինը կազմում է 95.3 դոլար:
Գների առկա մակարդակի պահպանման պայմաններում Ռուսաստանի պետբյուջեն չի կարողանա տարին եզրափակել ավելցուկով(պրոֆիցիտով), ինչպես նախատեսված էր: Իսկ գների հետագա անկման դեպքում վտանգ կա նաև որ կառաջանա բյուջեի զգալի դեֆիցիտ: Այս պայմաններում կառավարությունը չի ունենա բավարար միջոցներ արտասահմանյան արժեթղթեր ձեռք բերելու, ինչը նախատեսված էր պրոֆիցիտային բյուջեի պարագայում:
Նավթի գների անկումը անհանգստություն է առաջացրել նաև հարևան Ադրբեջանում, որտեղ բյուջեի մոտ 80%-ը նավթադոլարների հաշվին է լրացվում: Ադրբեջանի գլխավոր նավթարդյունաբերող SOCAR ընկերության ղեկավարությունը այս օրերին փորձում է ներկայացնել, որ նավթի առկա գները չեն հանգեցնի բյուջետային ճգնաժամի, քանի որ առաջին կիսամյակում նավթի գինը բարձր է եղել 100 դոլարից(ինչը հաշվարկված է բյուջեով) և այս ընթացքում հավաքվել է բյուջեի կատարողականի համար անհրաժեշտ միջոցներ և չորրորդ եռամսյակում գների միայն 90 դոլարից ցածր ընկնելու դեպքում կսպառնա երկրի բյուջեին: Սակայն Ադրբեջանի համար անհանգստացնող է այն, որ հաջորդ տարի նավթի գների 100 դոլարից ցածր լինելու պարագայում կառավարությունը ստիպված կլինի կրճատել կամ հրաժարվել միջնաժամկետ հատվածում նախատեսված մի շարք ծրագրերից:
Նավթի գների հետագա անկումը կարող է շարունակվել՝ հաշվի առնելով մի շարք առանցքային գործոններ: Առաջին հերթին մեկ տարվա փորձը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ունի իրական լծակներ նավթի գնի փոփոխման վրա: Պատահական չի, որ նավթի գների ներկա նվազման պատճառների շարքում թե ռուսական և թե արտասահմանյան փորձագետների կողմից առաջին հերթին նշվում է Միացյալ նահանգների «նավթային հեղափոխությունը»՝ նավթի արդյունահանման ծավալների շեշտակի աճը: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում նավթարդյունահնման ծավալները աճելու են մինչև 2017թ-ը, ապա նավթի գների վրա հիմնական ազդող գործոնների շարքում առաջնային կմնա հենց ԱՄՆ-ի կողմից ներկայացվող նավթի առաջարկը: Ինչպես տեղեկանում ենք Bank of America-ի հրապարակված զեկույցից կանխատեսվում է, որ նավթի գները առաջիկա երկու տարիներին լինելու են 85 դոլարի սահմաններում: ԱՄՆ-ի կողմից նավթի գների նպատակաուղղած իջեցումը նախևառաջ հետապնդում է քաղաքական նպատակներ և կապված է Ռուսաստան-Արևմուտք աճող լարվածության հետ: Որքան էլ մեծ ազդեցություն թողնեն Արևմուտքի կողմից սահմանվող պատժամիջոցները, նավթի գների նվազեցումը մնում է Ռուսաստանի դեմ ճնշում գործադրելու ամենալուրջ լծակը: Եվ հաշվի առնելով 1980-ականների «Սառը պատերազմում» նավթի գների իջեցման միջոցով ԽՍՀՄ-ի դեմ ձեռք բերված հաղթանակը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն կշարունակի ամեն կերպ նավթի գների պահել ցածր մակարդակում, որը իր հերթին կհարվածի ոչ միայն Ռուսաստանի, այլև նավթարդյունաբերող Իրանին և Ադրբեջանին, որտեղ նավթային սեկտորը տնտեսության շարժիչ ուժն է:
Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ