Ինչի՞ց է կախված առաջնորդների մասնակցությունը հանրահավաքին
Թեև եռյակը վերջնական որոշման հանգեց համատեղ հանրահավաքի օրվա վերաբերյալ, այդուհանդերձ դեռ շատ հարցականներ են մնում: Մասնավորապես` պատրաստվո՞ւմ են արդյոք երեք ուժերի առաջնորդները ողջունել Ազատության հրապարակում հավաքվածներին, թե կգերադասեն հանրահավաքը թողնել բացառապես խորհրդարանական խմբակցությունները ներկայացնողներին:
Panorama.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի նախաձեռնությամբ անցկացվող հանրահավաքի մասնակցության հետ կապված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որևէ խնդիր չի տեսնում. «Պարզապես այս պահի դրությամբ դեռևս հանրահավաքին մասնակցելու հետ կապված որոշում չկա»:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ փոխանցեց, որ այս պահի դրությամբ որևէ բան հստակ որոշված չէ, բացի նրանից, որ միասնական որոշված է հանրահավաքի օրը. «Երբ ավելի պարզ լինի` լրացուցիչ կտեղեկացնենք»:
Իսկ ճշտող հարցին` հնարավո՞ր է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի մասնակցությունը կախված լինի մյուս երկու ուժերի նախագահների մասնակցությունից, կրկնեց` որևէ բան հստակ որոշված չէ:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությանը, ապա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այս հարցի կապակցությամբ հայտարարել էր նույնը` այս պահին նման հարց չկա: Հետաքրքիր է, ինչի՞ց է կախված առաջնորդների մասնակցությունը հանրահավաքին: