Մանկական կուրության կանխարգելման տարածաշրջանային կենտրոն` Երևանում
Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը»:
Այն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Հայ ակնաբուժական նախագծի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի հիմնական բաղադրիչն է:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կենտրոնի նպատակն է հիմնել և զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ՝ օժանդակելու Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը: Նորակառույց շենքում տեղակայված կենտրոնը երեխաներին սպառնացող կուրության հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը`շնորհավորելով ներկաներին «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» բացման կապակցությամբ, ընթերցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը:
Նա նշել է, որ սա եզակի մի նախաձեռնություն է, որը կօգնի բարելավելու համեմատաբար նոր զարգացող ակնային հիվանդությունների դեմ պայքարը և բազմաթիվ նորածինների փրկելու սպառնացող կուրությունից:
«Ուրախ եմ արձանագրելու, որ կարևոր այս նախաձեռնության շուրջ համախմբվել են ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպություններ ևս: Հատկանշական է, որ կենտրոնն ամբողջովին կառուցվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի կողմից։ Մի կառույց, որը կոչված է նպաստելու պերինատալ և մանկական հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, պերինատոլոգիայի զարգացմանը»,- ասել է Վահան Պողոսյանը:
Կենտրոնում կկիրառվեն ինովացիոն մոտեցումներ, ինչը երեխաների կուրության կանխարգելումը Հայաստանում կբարձրացնի նոր մակարդակի: Իսկ ամենավերջին սերնդի սարքավորումների առկայությունը հնարավորություն կտա բարձրացնելու նորածինների խնամքի որակը և տեղում կազմակերպելու բուժանձնակազմի վերապատրաստումները:
Սյս ծրագրի շուրջ համախմբվել են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի լավագույն մասնագետները: Այսօր կենտրոնում իրականացվում են անհասության ռետինոպաթիայի ակնային զննումներ և բուժում։ Ծրագրվում է անդրադառնալ ոչ միայն ակնային այլ պաթոլոգիաների բուժմանը, այլև շատ կարևոր մեկ այլ խնդրի լուծմանը` անհաս՝ ցածր քաշով ծնված նորածինների հետագա զարգացման հսկողության կենտրոնի ստեղծմանը:
«Ուզում եմ հպարտությամբ փաստել, որ Հայաստանի և սփյուռքի համագործակցության լավագույն օրինակներից մեկը հանդիսացող Հայկական ակնաբուժության նախագծի և նրա գործընկերների շնորհիվ մեր երկրում ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող ակնաբուժական ծառայութուններ, վերապատրաստում անցած բարձրակարգ մասնագետներ, ինչը սերունդների առողջության ապահովման կարևոր գրավական է: Շնորհակալություն բոլոր մեր գործընկերներին և աջակիցներին»,- հավելել է նախարարի տեղակալը:
Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների և ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնը միտված է Հայաստանում և տարածաշրջանում կուրության կանխարգելման նպատակով բուժման և ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը:
ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում եզակի այս կենտրոնը` ունենալով հսկայական ներուժ, կօգնի նաև այլ երկրների բազմաթիվ երեխաների, կնպաստի տարածաշրջանի մասնագետների համագործակցությանը, գիտելիքների փոխանակմանը և վերապատրաստմանը:
«Իսկապես հուզիչ է ունենալ նման եզակի կենտրոն, այստեղ մենք կարող ենք ոչ միայն վիրահատել, այլև համացանցի միջոցով հեռարձակել այդ վիրահատությունը: Սա ԱՄՆ-ի և Հայաստանի բժիշկների միջև լուրջ համագործակցության օրինակ է, որը հնարավոր դարձավ առաջին հերթին բժիշկների համատեղ ջանքերի շնորհիվ»,- փաստել է Օհանեսյանը:
Լրագրողների հետ զրույցում Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին հայտնել է, որ կենտրոնի այս վիրահատարանը իր տեսակի մեջ եզակի է:
«Բոլոր սարքավորումներն երեխաների կուրությունը կանխարգելելու համար են: Սրանք ամենաժամանակակից են: Նման բան մենք նույնիսկ ԱՄՆ-ում չունենք»,- ասել է մասնագետը ` տեղեկացնելով, որ արդեն իսկ հայաստանյան վիրաբույժներն արտասահմանյան մասնագետների հետ սկսել են կատարել կուրությունը կանխագելող վիրահատություններ:
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա