«Ողբերգական փաստ է». Մեծ Բրիտանիայի դեսպանը` Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման մասին
Հայաստանում Սահմանադրական բարեփոխումները պետք է անցկացվեն հասարակության լայն շրջաններում` հարցի շուրջ քննարկումներին զուգահեռ, որպեսզի փոփոխության անհրաժեշտությունը պարզ լինի բոլորի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:
Անդրադառնալով վերջերս Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նա նկատեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցության հրաշալի օրինակ է:
Հարցին, թե ինչպես կարձագանքեր Եվրամիությունը, եթե Շոտլանդիան անկախանար, դեսպանը կարծիք հայտնեց, որ յուրահատուկ իրավիճակ կստեղծվեր Եվրամիության համար, սակայն դժվարացավ ասել՝ ինչ կլիներ, եթե անկախանար:
Դեսպան Լիչը անդրադարձավ նաև Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը. «Ողբերգական փաստ է և նման դրսևորումներ տեսնում ենք Սիրիայի ողջ տարածքով մեկ: Լրջագույն մտահոգություններից մեկն այն է, որ հայ համայնքի գոյությունը վտանգված է այնտեղ»:
Ըստ նրա, պետք է հնարավոր ռազմավարություն գտնել՝ իրավիճակից դուրս գալու համար:
Ամփոփելով խոսքը Մեծ Բրիտանիայի դեսպանն ընդգծեց, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակելու է Հայաստանում զարգացնել համագործակցությունը կրթության ոլորտում. «Կավելացվի Չիվնինգ կրթաթոշակները, ինչպես նաև մասնակցելով Հայաստանի բրիտանական բիզնես դպրոցի բացմանը սեպտեմբերի 24-ին ու Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը հոկտեմբերի վերջին: Առաջին անգամ ուսանողների կտրվի բրիտանական որակավորում»: