Արամ Ա-ն դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, ով հովվապետական այցով գտնվում է Հունաստանում, խստորեն դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Ըստ Վեհափառ Հայրապետին հասած տեղեկությունների` Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված եկեղեցու, կից գործող թանգարանի ու համալիրի պայթեցումը ծրագրավորված ոճիր էր: Այս մասին հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
«Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը, ըստ մեզ, բարբարոսական արարք է: Այդ ոճիրի հետևում կանգնածները թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը և հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը` որպես Հայոց ցեղասպանության նահատակների սրբավայր, հնարավոր չէ ոչնչացնել մեր ժողովրդի հավաքական հիշողությունից»,-ասել է Արամ Ա-ն:
Նորին Սրբությունը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Անտոնիոս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Երոնիմոս Բ. Արքեպիսկոպոսի հետ, որի ընթացքում անդրադարձ են կատարել Դեր Զորի եկեղեցու ավերմանը:
Վեհափառ Հայրապետը վերջիններիս կոչ է արել խստորեն դատապարտել այդ հանցագործությունը: