Քննարկվել են ՎՊ հաշվետվության` առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները: Վերահսկիչ պալատի վերահսկող հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը, ներկայացնելով կատարված ուսումնասիրությունների արդյունքները տեղեկացրել է, որ վերահսկողությունն իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաև «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:
ԱԺ-ից հաղորդում են, որ ըստ այդմ նշվել է, որ նախորդ տարում 36.0 և ավելի միավոր ունեցող անձանց տրամադրվել է 2567 ծառայություն՝ շուրջ 330.000 հազար դրամ ծավալով: Ընտրանքային սկզբունքով ստուգվել է 6 բժշկական հաստատություն, 164.000 հազար դրամ ստուգման ծավալով: Արձանագրվել է խախտման 72 դեպք՝ 25.039 75 հազար դրամի չափով:
ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել սոցիալապես անապահով քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայությունների, հեմոդիալիզի անցկացման ծառայությունների, դեղերի շրջանառության, գնումների, սարքավորումների ձեռքբերման գործընթացների ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ Վերահսկիչ պալատի դիտողություններն ու առաջարկները հիմնականում արտացոլում են ոլորտում եղած խնդիրները: Նա հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է դրանք շտկելու քայլերը` համագործակցելով Վերահսկիչ պալատի հետ:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասել է, որ քննարկումը կնպաստի գտնելու կարգավորման արդյունավետ եղանակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա