Մ. Շվիդկոյ. Լևոն Հայրապետյանի գործը պետք չէ դիտարկել իր ազգային պատկանելիության պրիզմայով
«Չեմ կարծում, թե Լևոն Հայրապետյանի գործը հարկավոր է դիտարկել իր ազգային պատկանելիության պրիզմայով: Ու ես չէ, որ պետք է մեկնաբանեմ այս գործը. դա քննչական կոմիտեի իրավասությունն է»,- Ազգային Ժողովում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստի շրջանակում հայտարարեց ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Վերջինս սակայն նշեց, որ մեկ բանում համոզված է` ազգայինն այստեղ որևէ կապ չունի և խնդիրը միայն ու միայն բաշկիրական նավթի հետ է կապված. «Ես կարող եմ վստահեցնել, որ ռուսական հասարակությունում հակահայկական որևէ տրամադրություններ գոյություն չունեն»:
Շարունակելով հասարակությունների միջև առկա փոխհարաբերությունների թեման, ռուս պաշտոնյան կարևորեց հայ և ռուս ժողովուրդների միջև հումանիտար կապերի ակտիվացումը, առավել ևս ապագա ինտեգրման ֆոնին: Նրա խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղղակի անհրաժեշտ է ուժեղացնել մշակութային ու կրթական փոխանակությունը, ինչն էլ հենց բարեկամության գրավականն է:
«Որքան էլ տարօրինակ է ասածս, բայց մեր երկրներն ու ժողովուրդները պետք է բացվեն մեկը մյուսի համար: Այո, վերջին 3-4 տարիներին Հայաստան այցելած ռուսաստանյան տուրիստների թիվը զգալիորեն աճել է, ինչը չի կարող չուրախացնել, բայց առաջ շարժվելու միտում այս ոլորտում էլ անշուշտ ունենք»,- ասաց ՌԴ նախագահի ներկայացուցիչը:
Հայկական կողմի այն դիտարկմանը, որ ռուս հասարակությունում մեծ չէ հետաքրքրությունը բարեկամ ժողովրդի հանդեպ, Մ. Շվիդկոյը համաձայնեց, որ ռուսաստանյան հասարակությունում իսկապես պակասում են տեղեկատվական և լուսավորչական լուրջ ծրագրերը, որոնք ցույց կտային ոչ միայն Հայաստանի, այլ մեր հարևան երկրների կյանքը: