«Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու պայթեցման մեջ կարող է շահագրգռված լինեին որոշ արտաքին ուժեր, առաջին հերթին՝ Թուրքիան»
«Այս գործողությունը կարող է իրականացված լինել «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից, որի զինյալները դեռևս սեպտեմբերի կեսերից նման պայթեցումներ են իրականացնում Դեր Զորում՝ ոչնչացնելով շիական, սուֆֆիական և այլ սրբատեղիներ ու դամբարաններ: Ինչևէ՝ ունենք հայկական եկեղեցու պայթեցման մասին տեղեկություն, որն, անխոս, ցավալի է մեզ համար»,- անդրադառնալով Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Բանախոսի խոսքերով`«Իսլամական պետություն» հռչակված իսլամականների տարածքներում ոչ բոլոր գործողություններում կարելի է տրամաբանություն տեսնել:
«Օդային հարվածները ԻՊ-ի դեմ զգալի վնաս են պատճառում կառույցին ՝ զրկելով լայնածավալ գործողություններ իրականացնելու հնարավորությունից: Այսօր առավոտյան ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի կողմից առաջին անգամ հրթիռակոծվել են Սիրիայի տարբեր հատվածներում իսլամական արմատականների դիրքերը:
Բացի այդ, կառույցը չի կարողանում համարժեք պատասխան տալ իր դիրքերը հրթիռակոծող կոալիցիոն ռազմաօդային ուժերին, և նման պայմաններում ԻՊ-ին մնում է ամեն ինչ անել, որպեսզի և Սիրիայում, և Իրաքում սկսվեն ցամաքային ռազմական գործողություններ: Այս համատեքստում կառույցը փորձում է ապահովել իր թիկունքը՝ ձերբազատվելով իր տարածքները բնակեցնող անցանկալի տարրերից՝ շիաներից, քրիստոնյաներից, եզդիներից, քրդերից, արաբ որոշ անհնազանդ ցեղերից և այլն՝ ոչնչացնելով եկեղեցիներ, սպանելով էթնո-դավանական փոքրամասնությունների, զինաթափելով սուննի անվստահելի ցեղերի և այլն»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ չբացառեց, որ պայթեցումը կարող էին իրականացրած լինեին ԻՊ-ի դեմ կռվող այլ ընդդիմադիր խմբավորումներ, օրինակ՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ն, որոնք փորձում են էլ ավելի թեժացնել լարվածությունը ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում:
«Ինչքան ԻՊ-ն ընդլայնում է իր տարածքները, այնքան էլ ավելի է դժվարանում իրենց կողմից վերահսկվող Սիրիայի և Իրաքի տարբեր հատվածների նկատմամբ վերահսկողությունը, ինչը, շատ հաճախ, հանգեցնում է կամայական գործողությունների»,- նշեց Սարգիս Գրիգորյանը:
«Եկեղեցու պայթեցման մեջ կարող է շահագրգռված լինեին որոշ արտաքին ուժեր, առաջին հերթին՝ Թուրքիան: Այս առումով կարելի է անցկացնել մի շարք զուգահեռներ: Սիրիայի` ԻՊ-ի զինյալների կողմից վերահսկվող տարածքում գտնվող Սուլեյմանի դամբարանը , մի քանի այլ «ոչ իսլամական» սրբատեղիներ (Նակշբանդիական, կամ Կադիրիական սուֆֆիական միաբանության սրբատեղիները Սիրիայում և Իրաքում) ԻՊ-ի զինյալների կողմից հարձակման չեն ենթարկվում, մինդեռ իսլամական արմատական գաղափարների տեսանկյունից, իսլամականների հենց առաջին թիրախներից մեկը պետք է լինեին հենց այս սրբատեղիները:
Բացի դրանից պայթյունը իրականացվեց 49 թուրք պատանդների ազատ արձակման հաջորդ իսկ օրը: Եթե դրան գումարենք այն որ պատանդների հարցով թուրքական իշխանությունները բանակցել են իսլամակաների հետ, ապա պատկերը ամբողջական է ստացվում: Դրանց ժամանակ անկասկած եղել են փոխադարձ պայմանավորվածություններ: Հետաքրքրան է նաև պայթեցումը իրականացվեց սեպտեմբերի 21-ին , երբ ՀՀ-ում նշվում է անկախության օրը»,-եզրափակեց բանախոսը: