Հնարավոր է ոչ հոկտեմբերի 10-ին, ոչ էլ հունվարի 1-ին համաձայնագիրը դեռ ստորագրված չլինի. Իսկանդարյան
«Հոկտեմբերի 10-ին, ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, բայց ես չէի բացառի, որ հնարավոր է ոչ այդ օրը, ոչ էլ հունվարի մեկին համաձայնագիրը այդպես էլ ստորագրված դեռ չլինի»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, թեև առկա են որոշ խնդիրներ այս գործընթացում, բայց դրանք, իր կարծիքով, այնպիսին չեն, որ ընդհանրապես խոչընդոտեն համաձայնագրի ստորագրմանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանի վրա ճնշումներ գործադրվում են եվրասիականին ինտեգրվելու հետ կապված, Ա. Իսկանդարյանը նշեց, որ այլ կերպ հնարավոր չէր պատկերացնել, քանի որ Հայաստանը ակտիվ քաղաքականություն իրականացնող երկիր է. «Իհարկե, Հայաստանի վրա ճնշումներ գործադրվում են տարբեր կողմերից: Մենք ապրում ենք Իրանի և Վրաստանի հարևանությամբ, որոնք բավականին սպեցիֆիկ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի ու ՌԴ հետ և դրանք չեն կարող Հայաստանի վրա որոշակիորեն չազդել: Այլ բան է և կարևոր է հիշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարգախոսն է կոմպլեմենտարիզմը»:
Քաղաքագետը ևս մեկ անգամ կրկնեց, որ ՀՀ-ի և ԵՏՄ-ի միջև փաստաթուղթ ստորագրելու հավանականությանը 50 տոկոսից ավելին է, պարզապես պետք չէ կապել ինչ-որ ժամկետների հետ:
Արձագանքելով Ա. Իսկանդարյանի այդ հայտարարությանը Մոսկվայի տաղավարում գտնվող ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալնեկոն հայտարարեց, որ Հայաստանը չի կարող հավերժ ձգձգել իրավիճակը և հնարավոր է գա մի պահ, երբ Հայաստանին կանգնեցնեն փաստի առաջ. «Հայաստանն իսկապես կանգնած է պատմական փաստի առաջ և դրանից կախված է հենց նրա ապագան»:
Նաև ավելացրեց, որ Հայաստանը ճիշտ պետք է կողմնորոշվի, որպեսզի չկորցնի այն, ինչ վաստակել է դարերի ընթացքում և չկորցնի իր հայ լինելը իրականացվող քաղաքականության արդյունքում: