Այս տարի մենք ունենալու ենք զրոյական տնտեսական աճ. Բագրատ Ասատրյան
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` Ռուսաստանի տնտեսության աճը 2014թ-ին կկազմի 0,2%, ինչը Ռուսաստանի նման պետության համար վատ ցուցանիշ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը` հավելելով, որ Ռուսաստանի վերաբերյալ կանխատեսումներն արվել են առանց ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները հաշվի առնելու և չի բացառվում, որ Ռուսաստանը հաջորդ տարիներին նույնպես տնտեսական աճ չի ունենա:
Ըստ տնտեսագետի` այս ամենը չի կարող չազդել Հայաստանի տնտեսության աճի վրա. «Այն, որ Հայաստանի տնտեսական վիճակը վատ է և գնալով վատանում է, դրա մասին շատերն են ասում, սակայն պաշտոնյանները այդ ամենը չեն ցանկանում նկատել»:
Բ.Ասատրյանի խոսքերով` Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտվիության ցուցանիշն աճել 4,1%-ով, բայց հարց է առաջանում` ինչո՞վ է ակտիվությունն ապահովվել:
«Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է ընդամենը 0,9%-ով, շինարարության ծավալը՝ 0,4%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,9%-ով, սակայն գյուղատնտեսության մեջ չկա ապրանքների ծավալների հաշվարկի միասնական մոտեցում: Շատ անգամ հաշվառված են այն ծառերի ծաղիկները, որոնք բերք էլ չեն տվել»,- ասաց նա:
Միաժամանակ հավելեց, որ աճն ապահովված է ի հաշիվ երկու ոլորտի՝ առևտրի շրջանառության՝ 5,7 տոկոս, և ծառայություններ՝ 6,2%. «Ես կարծում եմ, որ տեղաշարժ է տեղի ունեցել, ստվերից մի մասը դուրս է եկել, և այլ պատճառ չեմ տեսնում»:
Տնտեսագետը նշեց նաև, որ սա ամբողջությամբ չի արտահայտում մեր տնտեսության վիճակը, այլ երևույթներ ևս կան: Տրանսֆերտների հարցում ունենք նվազում, իսկ դրանք տնտեսական աճի կարևորագույն գործոններից են: Ըստ նրա` բանկային համակարգի ցուցանիշները ևս բացասական են: Երկարատև հատվածում՝ տասը տարուց ավելի, բանկային համակարգում տպավորիչ աճ ենք ունեցել`15-20 տոկոս, սակայն այս տարի աճ չկա, անգամ կա որոշակի նվազում:
«Ւմ գնահատականով` այս տարի մենք ունենալու ենք զրոյական տնտեսական աճ, իսկ Հայաստանի համար 2%-ը նույնպես զրո է: Կարծում եմ` տարին կամփոփենք լավագույն դեպքում 2,5% տնտեսական աճով, որը, իհարկե, մեր երկրի խնդիրների լուծման համար բավարար չէ: Այս դեպքում ունենալու ենք զբաղվածության նույն պատկերը, այսինքն` գործազրկությունը աճելու է, ունենալու ենք արտագաղթ, սոցիալական պատկերն այս աճի պայմաններում որակական որևէ տեղաշարժ չի ապահովելու»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում