Օբաման կոչ է արել պայքարել միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նյու-Յորքում արդեն մեկնարկել է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանը, և ընթացիկ 6-րդ լիագումար նիստում ելույթ է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։
ԱՄՆ-ի նախագահը իր ելույթում անդրադարձել է միջազգային հանրության ուշադրությունը գրավող մի շարք խնդիրների, այդ թվում՝ ուկրաինական, սիրիական, իրաքյան ճգնաժամերին։ Մասնավորապես Ուկրաինայի շուրջ իրադարձությունների մասին խոսելիս Օբաման քննադատել է Ղրիմի բռնազավթումը, Դոնեցկի վրայով թռչող մարդատար ինքնաթիռի կործանումը, դրանից հետո անջատողականների կողմից հետաքննությանը խոչընդոտելը և այլն։
Օբաման նաև քննադատել է Ռուսաստանի վարած քաղաքականությունը և համոզմունք է հայտնել, որ Մոսկվան բարձր գին կվճարի իր քայլերի համար։ ԱՄՆ-ի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կնստի բանակցության սեղանի շուրջ, քանի որ Վաշինգտոնը և Մոսկվան համագործակցելու հարուստ փորձ ունեն միջուկային զենքի պաշարների կրճատման և այլ հարցերի շուրջ։
«ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ, եթե նա փոխի իր քաղաքական կուրսը», - ասել է Օբաման։
Խոսելով միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության աճի մասին՝ Օբաման անթույլատրելի է համարել նման վիճակի շարունակությունը։ Նա առաջարկել է արմատախիլ անել ԻԼԻՊ-ը, որի հանցագործությունները ցնցել են ողջ աշխարհը։ Օբաման ամբողջ աշխարհին կոչ է արել պայքարել ծայրահեղական այս խմբավորման դեմ։
«Մուսուլմանական աշխարհը պետք է մերժի այն գաղափարախոսությունները, որոնք հիմք են տալիս Ալ-Քաիդայի, Բոկո-Հարամի և ԻԼԻՊ-ի նման խմբավորումների ձևավորման համար։ Պետք է վերջ տալ այս խմբավորումների ֆինանասավորմանը, թույլ չտալ այս խմբերի կողմից երիտասարդների հավաքագրմանը, որոնք վերջում մահապարտ են դառնում», - ասել է Օբաման։
Նա նաև կոչ է արել պայքարել հատկապես էթնիկական-կրոնական կոնֆլիկտների լուծման համար։
Բարաք Օբաման դիմել է մուսուլմանական աշխարհին, հատկապես՝ երիտասարդներին, նրանց կոչ անելով պահպանել իրենց ժողովուրդների հարուստ մշակույթը և բարի սովորույթները, մերժել սպանություն և այլատյացություն քարոզող գաղափարախոսությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան