Հայաստանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: Այս մասին ՄԱԿ-ում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Ավաղ, փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները»,-Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, իր խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների խնդրին` հանրապետության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը:
Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»: