ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցեր են քննարկվել Վիեննայում
Վիեննայում սեպտեմբերի 22-26-ը կայացել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 58-րդ նստաշրջանը: Կոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 23-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Գալստյանը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալն անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ Հայաստանի երկարատև և արդյունավետ համագործակցությանը՝ տարբեր ուղղություններով: Նա մասնավորապես խոսել է Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, ԱԷՄԳ-ի հետ համատեղ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի մասին:
ՀՀ պատվիրակության կազմում կոնֆերանսին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև Ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությանը նվիրված գիտական ֆորումին, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել այլ երկրների պատվիրակությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում