Հայաստանն ու Վրաստանը պետք է պահպանեն հարաբերությունները. Իլյա Երկրորդ
«Վրաստանը և Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում»,- հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդն այսօր վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Գրուզիա Online-ը:
Վրաց պատրիարքարանում կայացած հանդիպմանը ներկա են եղել գրող Գիվի Շահնազարը, Վրաստանի հայերի միության անդամները և պատրիարքարանին առընթեր գործող Միջկրոնական հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչներ:
«Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում: Միջազգային հարաբերությունները չափազանց բարդ են: Հայաստանը և Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում: Հիշում եմ Վատիկանում իմ հանդիպումը Հռոմի պապի հետ: Նա վերցրեց ատլասը, նայեց Վրաստանի ու Հայաստանի աշխարհագրական դիրքին: Հետո նա ասաց, որ Վրաստանը և Հայաստանը շատ բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ նրանք քրիստոնեական օազիսներ են: Այդ իսկ պատճառով մենք պետք է առանձնապես ուշադիր լինենք միմյանց նկատմամբ: Հաճախ են դեպքերը, երբ մեր ժողովուրդների այս կամ այն ներկայացուցիչը, վրացի կամ հայ, այնպիսի հայտարարություններ է անում, որոնք վնասում են մեր հարաբերություններին»,-ասել է պատրիարքը:
Իլյա Երկրորդը հիշել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Վրաստան, նրա հետ ունեցած խոսակցության մասնրամասներ: Պատրիարքի խոսքով, նա Գարեգին Երկրորդին ասել է, որ Հայաստանից Վրաստանի վերաբերյալ բացասական նամակներ են ուղարկվում ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ։
«Ես նրան ասացի, որ այդպես չպետք է լինի։ Մենք պետք է միմյանց մասին վատ բաներ չգրենք, Վրաստանը ոչ մի բացասական բան չի գրի միջազգային կազմակերպություններին։ Այնպես որ, ես հույսս դնում եմ ձեզ վրա, որ դուք հասկանում եք մեր մտերմության նշանակությունը։ Երբ լավ է եղել Վրաստանի համար, լավ է եղել նաև Հայաստանի համար, և ընդհակառակը՝ երբ վատ է եղել Վրաստանի համար, վատ է եղել նաև Հայաստանի համար։ Այդ պատճառով էլ մենք պետք է պահպանենք մեր հարաբերությունները։ Ես ուզում եմ ասել, որ Վրաստանում ապրող հայերը շատ լավ են դա հասկանում, և ես շնորհակալ եմ նրանց ըմբռնման և ուշադրության համար»,- նշել է է Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը:
Հայկական համայնքից հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով կարող են ցանկացած խնդիր լուծել: