Սահմանամերձ գյուղական համայնքներում գործարարները կազատվեն հարկերից
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է:
Այժմ այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն այլ համայնքներում համանման գործունեություն իրականացնող սուբյեկտների համեմատությամբ գործում են հարկման հավասար պայմաններում: Որոշմամբ այդ սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից: Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն: մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթներին, որոնք ուղղված են Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսական ակտիվության աշխուժացմանը:
Ինչպես Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, առաջին նախագծով նախատեսվում է ՀՀ սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունը ազատել հարկերից:
«Բոլոր այն դեպքերում, երբ մեր գործարարները կնախընտրեն գործունեություն իրականացնել սահմանապահ գյուղերում, ապա այդ գործունեությունը կազատվի հարկերից»,- ասաց Վ.Միրումյանը` հավելելով, որ արտոնությունը վերաբերում է ինչպես ավելացված արժեքի հարկին, շահութահարկին, այնպես էլ եկամտահարկին:
Փոխնախարարը հայտնեց, որ օրենքն ունի նաև որոշակի կարգավորումներ, որպեսզի այդ արտոնությունները հասցեական լինեն և չստեղծվի այնպիսի վիճակ, որ արդեն իսկ գործող ձեռնարկատերերը իրենց բիզնեսը արհեստականորեն տեղափոխեն հանրապետության սահմանապահ գյուղեր՝ արհեստական հաշվառվելու եղանակով և խուսափեն հարկերից:
Կառավարության օժանդակությունը այս ծրագրին կազմում է շուրջ 2 մլրդ դրամ: «Հաշվի չի առնվել բոլոր այն պոտենցիալ հնարավորությունները, որոնք կարող են լինել, երբ գործարարները որոշում կայացնեն գործունեություն իրականացնել սահմանապահ գյուղերում»,- ասաց Վ.Միրումյանը:
Նշենք, որ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ լավ գործ են անում և սա լավ փաթեթ է: Նա հույս հայտնեց, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի մեր սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն. «Եթե այնտեղ նոր բիզնես-ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր: Պետք է խնդրենք Ազգային ժողովին, որ այս փաթեթն արագ ընդունվի»:
Բացի այդ, վարչապետմ ասաց, որ հարցի վերաբերյալ քննարկումներ են եղել ԱԺ հանրապետական խմբակցության հետ և առաջարկել են, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն:
«Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ցանկություն չի եղել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, Տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է: Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նախարարությունը նույնպես քննարկի, և եթե կան ողջամիտ առաջարկներ և կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք»,- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում