Արձանագրվել է անչափահասների շրջանում անօրինական զենք կրելու դեպքերի աճ
Այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 243 դեպք՝ նախորդ տարվա 241-ի դիմաց: Անձերով կա նվազում՝ 180 անձ 2013-ին, 160 անձ՝ այս տարվա ութ ամսիների ընթացքում: Ասուլիսում թվային տվյալները ներկայացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ըստ նրա, նվազել են գողության, խարդախության դեպքերը, աճել են մարմնական վնասվածքներ հասցնելու, անօրինական զենք կրելու դեպքերը: Այս տարվա ընթացքում ոստիկանները հասարակական վայրերում հայտնաբերել են 17 կռփազենք, 12 դանակ: Ավտոմեքենա փախցնելու 4 դեպք է արձանագրվել այս տարի: Անչափասահների շրջանում թմրամիջոցներ օգտագործելու երեք դեպք է արձանագրվել: Նույնքան էլ՝ նախորդ տարի:
Գնդապետ Դուրյանն ասաց, որ այս պահին անչափահասների համար նախատեսված գաղութում իր պատիժը կրում է 10 անչափահաս, իսկ մնացածները՝ կամ իրենց հսկողության տակ են գտնվում, կամ էլ արդարադատության նախարարության համապատասխան բաժնի հսկողության տակ (14-18 տարեկանները): Նա նշեց, որ ամենավտանգավոր տարիքը 15-18-ն:
Ն. Դուրյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի ունեցել են հաշվառված մուրացկանությամբ զբաղվող 13 անչափահաս, այս տարի՝ 18: