Դժվարին ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ. Ի՞նչ է ուզում Ադրբեջանն իր նավթադոլարների դիմաց
Սեպտեմբերի 29-ին Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Հայկական պատվիրակությունը դրա շրջանակում շատ անելիք ու էլ ավելի շատ ասելիք ունի` հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները և ադրբեջանական կողմի հոխորտանքները: Թե ինչ ակնկալիքներով ու սպասումներով է հայկական պատվիրակությունը մեկնում Ստրասբուրգ Panorama.am-ը զրուցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկին Զոհրաբյան, ակնհայտ է, որ երկուշաբթի օրը մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանը բավականին թեժ է լինելու, մասնավորապես սեպտեմբերյան նստաշրջանում քննարկվելու է ադրբեջանական երկու հակահայ նախաձեռնություն: Ինչպե՞ս է տրամադրված մեր պատվիրակությունը:
-Դեռևս հունիսյան նստաշրջանում Ադրբեջանը մի քանի հակահայ նախաձեռնություններով փորձեց հանդես գալ, մի քանի բանաձևերի նախագծեր դրեց շրջանառության մեջ` մեկը մյուսից անհեթեթ: Այն ժամանակ մեր պատվիրակությանը հաջողվեց նախագծերի քննարկումը հետաձգել, բայց այժմ արդեն Բյուրոն որոշում է կայացրել Ադրբեջանի նախագծերից մեկը, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղին, ուղարկել քաղաքական հանձնաժողով զեկույց պատրաստելու համար: Իսկ Ադրբեջանի մյուս բանաձևի առաջարկը` պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, Բյուրոն ընդամենը ի գիտություն ուղարկել է մոնիթորինգի հանձնաժողով: Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այո` այստեղ մենք ևս խնդիր տեսնում ենք և մեկ բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն նման որոշում կայացնելով գերազանցում է իր մանդատը ու լիազորությունները. ԵԽԽՎ-ն չունի հակամարտություններով զբաղվելու մանդատ, այնպես որ հայկական պատվիրակությունը անպայման իր խոսքը կասի, մենք մեր անելիքը գիտենք: Պետք է նշեմ, որ իսկապես որոշակի լուրջ խնդիրներ կան, հաշվի առնելով, որ արդեն իսկ մեր ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որ վեհաժողովի 128 պատգամավոր Ադրբեջանի կողմից ամսեկան հսկայական աշխատավարձեր են ստանում և նրանք կյանքի գնով պաշտպանելու են Ադրբեջանի տեսակետն ու շահը: Իհարկե շատ դժվար է նման լոբինգի` նավթի և խավիարի ասեղի վրա նստած լոբիստների դեմ պայքարելը, բայց մենք պետք է փորձենք անել հնարավորը, որպեսզի վեհաժողովը մնա իր մանդատի շրջանակներում և չփորձի զբաղվել խնդիրներով, որոնք գտնվում են բացարձակապես այլ մանդատի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ենթակայության տակ:
-Ի՞նչ հիմնավորումներով էր Ադրբեջանն առաջարկում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի հանդեպ և կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները:
-Նույն անհեթեթ հիմնավորումներով, որ հիմա անգամ հարկ չեմ էլ համարում հնչեցնել: Իրենց բոլոր ելույթներում, անկախ նրանից, թե ելույթն ինչին է վերաբերում` կրթական խնդիրներին, թե այլ, ադրբեջանական կողմը բոլոր այդ ելույթների կոնտեքստում անպայմանորեն բարձրացնում է Հայաստանի և հայկական պատվիրակության հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը, բայց կրկնում եմ` այդ առաջարկը Բյուրոն ընդամենը ուղարկել է մոնիթորինգի հանձնաժողով ի գիտություն:
-Տիկին Զոհրաբյան, ուրիշ ի՞նչ խնդիրներ կան վեհաժողովի օրակարգում` հաշվի առնելով, որ ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը մինչև նոյեմբեր է և այս նստաշրջանում ելույթ է ունենալու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:
-Պետք է ասեմ, որ իսկապես հագեցած նստաշրջան է և մենք դրա շրջանակում բազմաթիվ խնդիրներ ենք բարձրացնելու ` թե սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցված հայկական եկեղեցու, թե սահմանային վերջին լարվածությունների, թե սահմանին մոլորված ու օգոստոսի 8-ին Ադրբեջանում դաժանաբար սպանված Կարեն Պետրոսյանի խնդիրները: Օրակարգում հրատապ կարգով քննարկումներ են նախատեսված Ուկրաինայի հարցով, ինչպես նաև Եվրոպայում մշակութային արժեքների պահպանման և ընդհանրապես միջմշակութային երկխոսության հարցով: Այս ամենը լայն հնարավորություն է տալիս մեզ հուզող լրջագույն հարցեր բարձրացնելու համար:
Հարակից հրապարակում`
Կարմիր խաչը հետևողական է լինելու, որպեսզի Ադրբեջանը Կ.Պետրոսյանի աճյունը վերադարձնի Հայաստան. Ն.Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան