Տնտեսություն 20:23 26/09/2014

Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է «ԱրմԹեք» համաժողովին (լուսանկարներ)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Յորքում մասնակցել է «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների 7-րդ գլոբալ համաժողովի աշխատանքներին: Panorama.am-ի թղթակիցը Նյու Յորքից տեղեկացնում է, որ համաժողովին մասնակցում են ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների մոտ 50 ղեկավարներ և փորձագետներ:




Համաժողովի աշխատանքները մեկնարկել են  թեմատիկ քննարկմամբ` «Բարձր տեխնոլոգիական արտադրությունը Հայաստանում. ընթացիկ զարգացումներն ու հաջողակ պատմություններ»:

Քննարկմանը ելույթներով հանդես են  եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, «Սինոփսիս» ընկերության ղեկավար Չի Ֆուն Չանը, «Հայաստանի ազգային գործիքներ» գլխավոր տնօրեն Արամ Սալաթյանը, «Roda Group» և «D-Link» ընկերությունների ղեկավարները Ռոջեր Ստրոչը և Թոմաս Հուանգը:

Իր խոսքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած ձեռքբերումներին: Մասնավորապես, նախագահը տեղեկացրել է,  որ Հայաստանում արդեն իսկ ոլորտում աշխատող ձեռնարկությունների թիվն անցել է 380-ից, իսկ աշխատողների թիվը հատում է 11 հազարի սահմանը, ինչը նախագահի գնահատմամբ` Հայաստանի համար փոքր թիվ չէ:

Վիճակագրությունից հետո նախագահն անդրադարձել է այն փաստին, որ ոլորտի տարեկան աճը Հայաստանում կազմում է 22-25 տոկոս, իսկ ոլորտում աշխատուժի ներգրավումն աճում է 10 տոկոս տարեկան:Երկրի ղեկավարը նաև  հաջողություն է մաղթել  համաժողովի աշխատանքներին` հույս հայտնելով, որ այս անգամ էլ համաժողովը աչքի կընկնի գործարար նոր կապերով և Հայաստանում նոր նախագծերի իրականացմամբ:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր խոսքում կարևորել է, որ հայկական բարձր տեխնոլոգիաներն անհրաժեշտ է մղել դեպի նոր մակարդակ: Դրա համար նա խորդհորդ է տվել ոլորտում աշխատող ընկերություններին կողմնորոշվել Հայաստանի ներքին շուկա և թվայնացնել տնտեսության ու հասարակության այլ ոլորտներ ևս:

Ելույթներով հանդես են եկել և Հայաստանում իրենց գործունեությունը ներկայացրել մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:


Համաժողովի աշխատանքների ընթացքում մասնակիցները կքննարկեն հարցեր, կապված ոլորտում կրթական, հետազոտական և մասնագիտական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների և բիզնես միջավայրի, ինչպես նաև ձեռնարկատիրության, ստարտ-ափերի ու նորարարություններին վերաբերող հարցեր:

«ԱրմԹեք» կոնֆերանսը տարեկան միջոցառում է, որ համախմբում է տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին: Այն առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին` Սան Ֆրանցիսկոյում:

Հարակից հրապարակում`
Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի ԱրմԹեք համաժողովը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}