«Գառնի» տաճարի նկատմամբ իրավախախտում կատարած ՌԴ քաղաքացին հանձնվել է իրավապահներին
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները և այցելուներից մեկն այսօր առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Ա. Բաբայանը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:
Աղբյուրը նշում է, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում` հատուցել օրենքով սահմանված կարգով:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները