«Շտապօգնության 88 մեքենաների գործարկումից հետո ծառայությունը նկատելիորեն բարելավվել է»
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին։
«Մեր համագործակցությունը բավական արդյունավետ էր։ Ես այն համարում եմ օրինակելի և վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ ծրագրեր կիրականացվեն»,-ասել է դիվանագիտական իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Թիան Չանչունը։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում, որ Արմեն Մուրադյանը նշել է, որ Չինաստանի կառավարության տրամադրած շտապօգնության 88 մեքենաների գործարկումից հետո ծառայությունը նկատելիորեն բարելավվել է, ինչի արդյունքում կանչերն ավելացել են։ Նախարարը դեսպանին ներկայացրել է առողջապահական համակարգում վերջին շրջանում արձանագրված բարեփոխումները և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի։
«Մեր երիտասարդությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն չինական ժողովրդական բժշկության, այլև ձեր երկրում զարգացող ապացուցողական բժշկության հանդեպ»,-ասել է Արմեն Մուրադյանը` վկայակոչելով մասնագետների և ուսանողների փոխադարձ այցերը։
Հանդիպման ավարտին երկուստեք հաստատեվել են, որ երկու բարեկամ պետության միջև բոլոր ուղղություններով հետագա համագործակցության համար ամուր հիմքեր են ստեղծված։