Կոմիտասն ու կոմիտասյան երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի ներկայացմամբ
«Կոմիտասը մեր ողջ պատմության ընթացքում ոգեղեն գոյություն է: Նա եկավ ասելու, որ մենք մենք ենք, ունենք մեր երգը, որ այդ երգը շատ նման է մեզ ու դա մեր հարստությունն է: Ընդ որում՝ ոչ միայն ասաց, որ երգ ունենք, այլ նաև ասաց, որ մեր երգն այնպիսի հատկություններ ունի իր ներսում, որ դրա հիմքի վրա կարելի է կառուցել կոմպոզիցիոն ամբողջական մարմին, ինչպես քարը, որ կարող է դառնալ ճարտարապետական կոթող, եկեղեցի»,- Կոմիտասի անվան պանթեոնում Վարդապետի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ասաց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը:
Նրա խոսքով, Կոմիտասը մեղեդուց ստեղծեց կոմպոզիցիոն կառույց, ինչն աննախադեպ երույթ էր. «Պետք է նկատի ունենալ մեր արևելյան կողմում ապրող հարևաններին, որոնց համար կոմպոզիցիոն կառուցվածքով զբաղվելը հաճախ ի հաշիվ մեղեդու նախնական մաքրության, պարզության շեղումի ուղղությամբ է տեղի ունենում: Մեզնում այդ շեղումը Կոմիտասը ի չիք է դարձրել ու ասել է, որ ամբողջությամբ նույն մեղեդուց կարելի է ստանալ կառույց: Ունենալով արևելքին բնորոշ երաժշտական մտածողություն, կարողացել է դրա վրա ստեղծել արևմտյան մտածողության կոմպոզիցիա: Դա աննախադեպ մի բան է: Վառ օրինակ է Արևելք-Արևմուտք մշակութային, երաժշտական մերձեցումների և ընդհանրացման»:
Խոսելով կոմիտասյան ժառանգության մասին, արվեստագետն ասաց. «Կոմիտասը մեզ թողել է պատարագ, հոգևոր երաժշտություն, ժողովրդական երգերի մի մեծ հավածաքու, դրանց վեր կառուցված կոմիպոզիցիոն մարմիններ, երգեր, խմբերգեր, դաշնամուրային գործեր: Երաժշտական ամբողջ տնտեսության տեսական հիմքերն են: Նա ստեղծել է կատարողական արվեստի այն հունը, որով այսօր մենք ապրում ենք և լսում ենք երգչախումբ, մեներգ, դաշնամուրային նվագ: Համապարփակ ակադեմիական երևույթ է, որտեղ կա և գիտական միտք, ստեղծագործական, բանահավաքչական, կատարողական աշխատանք»:
Տ. Մանսուրյանի ներկայացմամբ, Կոմիտասը «մի տեսակ եկեղեցու զավակ է եղել, մանկությունից սկսած ապրել է հոգևոր հսկա աշխարհում, վայելել է Խրիմյան Հայրիկի, հոգևոր մյուս մեծերի աջակցությունը»:
«Կոմիտասը եղել է շատ դյուրահաղորդ, մարդամոտ, ուրախ, սրամիտ, կատակաբան մարդ, անշուշտ, մեծ խոկումների, հոգեական զգայնությունների տեր մարդ: Շատ է սիրել երեխաներին: Լուսավոր անձ է: Երբեմն մենք իր կենսագրության այն էջերն ենք ցուցադրում, որոնք կապված է մեր դաժան պատմական իրականության էջերի հետ: Դա կա, անշուշտ, իր հոգեկան խանգարումը, հիվանդանոցային տարիների կյանքը: Գերադասելի է, որ իրեն հիշենք իր պայծառայությամբ: Բոլոր երգերի մեջ ներկա է նրա պայծառությունը: Կոմիտասի մեջ աստվածատուր հանճարի լույսը կար: Դա համակ սեր է դեպի ժողովուրդը, հայոց լեզուն, հայոց երգը, հայ շինականը, մեր բնությունը: Ինքն իրապես լույս է: Իր կոմպոզիցիաների մեջ ինչքան օդեղենություն կա: Չեք գտնի այն տեխնիկական հագեցածությունը, որը նվազ չափով պետք է խանգարի օդի ազատ շնչառությանն իր մեղեդիրների, նվագակցության, խմբերգերի մեջ: Սա իր յուրահատուկ կոմպոզիցիոն մտածողության արտահայտություններից է՝ չծանրաբեռնել նյութով, այլ նյութը ցնծացնել հիմքից, մեղեդուց, եթե վրան բան ես ավելացնելու, լինի մեղեդու պահանջով, ոչ թե նրան զարդարելու, ծանրություններ վրան հագցնելու համար: Սա իր լույսի, գիտակցության արտահայությունն է»,- այսպիսին է Կոմիտասն ու կոմիտասյան արվեստը տաղանդավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նկարագրությամբ ու մեկնաբանությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Կոմիտաս-145. «Նորից մենք Կոմիտասի հետ ենք» (տեսանյութ)
Կոմպոզիտոր Ա. Ոսկանյանը` Կոմիտասին արդիականացնելու մասին. «Անեծք է մեր գլխին»
«Կոմիտասը բնության հրաշքներից է» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան