Թուրքիայի հայկական համայնքին է վերադարձվել կես դար առաջ խլված տարածքը
2014-ի տարեսկզբին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում էր կայացրել Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանից նախկինում հայապատկան 42.000 քմ տարածքը վերադարձնել հայկական «Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամ»-ին: Այդ տարածքի մեջ մտնում են նաև Զեյթինբուրնուի մարզահամալիրը, ֆուտբոլային մարզադաշտը, վիթխարի ավտոպարկը: Զեյթինբուրնուի քաղաքապետարանը դեմ է արտահայտվել Հիմնադրամների խորհրդի ընդունած որոշմանը: Այն ճանաչելով ապօրինի` հայցով դիմել էր դատարան: Դատարանը, սակայն, քաղաքապետարանի հայցը չի բավարարել` որոշում կայացնելով հայկական հիմնադրամի օգտին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, «Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամ»-ի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ վերադարձված տարածքը գնահատվում է մոտավորապես 338 մլն լիրա (շուրջ 180 մլն դոլար): Ըստ Շիրինօղլուի` վերադարձված տարածքում հնարավոր է կառուցվի բիզնես-կենտրոն, առևտրի կենտրոն կամ հյուրանոց: Հարցը դեռ քննարկման կդրվի հիմնադրամի գործադիր խորհրդի նիստում: Բայց այնուամենայնիվ, ինչ էլ որ կառուցվի, ստացված շահույթը ծառայեցվելու է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի և հայկական համայնքի կարիքներին:
Զեյթինբուրնուի նշյալ տարածքը հայկական համայնքից խլվել էր 1964 թվականին: Այն ժամանակ հայկական համայնքը դիմել էր դատարան, բայց հաջողության չէին հասել: Զեյթունբուրնուի քաղաքապետարանը դատարանի միջոցով կարողանում է 1987-ին իր հաշվեկշռի մեջ գրանցել Թուրքիայի Հիմնադրամների խորհրդի ենթակայության տակ անցած հայկական տարածքը: Եվ վերջապես այժմ այն արդեն վերադարձվել է իր իսկական տերերին:
Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է դեկրետ, համաձայն որի նախկին տերերին պետք է վերադարձվեն 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը` հիվանդանոցներ, մանկատներ, դպրոցներ և այլ տեսակի անշարժ գույք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում