Բացառիկ․ Անն Բրասյոր․ ԵԽԽՎ-ն չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը հերքում է ադրբեջանական լրատամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Բաքվում՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը առաջարկել է Բաքվում կազմակերպել «Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի համայնքների միջև հանդիպում, որը դրական քայլ կլինի հակամարտության կարգավորման հարցում` չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը»։
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք այն համապատասխանում է իրականությունը և Անն Բրասյորը հանդես եկե՞լ է նման առաջարկությամբ, ԵԽԽՎ նախագահի գրասենյակից ասացին, որ ԵԽԽՎ նախագահի այցի ուղերձները ներառվել են իրենց հաղորդագրության մեջ, որում, իհարկե, խոսք չկա «ԼՂ-ում հայ և ադրբեջանցի համայնքների հանդիպման առաջարկի մասին»։
«Ես ցանկանում եմ ընդգծել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բաքվում արած հայտարարությունը, այն է․ «Վեհաժողովը չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այլ մենք կարող ենք օգնել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության կառուցմանն ու երկխոսության զարգացմանը»»,-Panorama.am-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ պաշտոնյան։