Ժողովրդին շատ քիչ է հետաքրքրում Սահմանադրական փոփոխությունների թեման. Ա.Մարտիրոսյան
«Ամեն ինչ նորմալ ընթանում է, սպասվածին համապատասխան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` գնահատելով եռյակի առաջին երկու հանրահավաքները Աբովյանում և Հրազդանում: Նրա խոսքով, սկզբում, երբ քաղաքացիները դեռ չգիտեին, թե եռյակը ինչ է պատրաստել, ինչ ելույթներ է ունենալու, քաղաքացիները մի փոքր սառը վիճակում էին, բայց առաջին իսկ ելույթից հետո իրենց համար պարզ դարձավ, որ եռյակի կողմից նախաձեռնած ու մեկնարկած գործընթացը, ըստ էության գործընթաց է Հայաստանի փրկության, Հայաստանում փոփոխությունների համար, ինչի մասին էլ բարձրաձայնեցինք:
«Եվ Աբովյանում, և Հրազդանում իմ ելույթներում ես այդ հարցը տվել եմ մեր քաղաքացիներին` արդյո՞ք իրենք իշխանափոխություն ցանկանում են, թե ոչ: Երկու դեպքում էլ շատ բուռն արձագանք եղավ, երկու քաղաքներում էլ դրական էր արձագանքը»,- նշեց նա:
Ա.Մարտիրոսյանն ասաց, որ անցած երկու հանրահավաքներից հասկացել է մեկ բան` մեր քաղաքացիներին իրականում շատ քիչ է հետաքրքրում Սահմանադրական փոփոխությունների թեման, նաև քառյակի 12-ի կետերի թեման և ոչ թե այն առումով, որ դրանք կարևոր չեն, այլ այն առումով, որ քաղաքացիները քաջ գիտակցում են, թե այդ ամենի հիմքը որտեղ է գտնվում և ինչպես պետք է այդ հարցերը լուծվեն:
«Եվ հենց իրենք էլ իշխանափոխության այդ կարգախոսը առաջ քաշեցին ու կարծում եմ, որ հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև 2013թ-ի նախագահական ընտրություններն ուղղակի խայտառակ կեղծիքներով անցան և հասարակությունը պարզ տեսավ, որ ընտրություններից հետո իշխանությունները բացարձակապես պետության և ժողովրդի շահերի մասին չեն մտածում և իրենց միակ նպատակը իշխանությունը որքան հնարավոր է երկար պահելն է, ինչպես նաև պետական, բնական ռեսուրսների շահագործումն է` հանուն սեփական հարստացման» ,- ասաց մեր զրուցակիցը` մատնանշելով, որ դրա վառ ապացույցն են հակաօրինական երևույթները` բյուջեի մսխումը, քայքայված ու ստվերային տնտեսությունը և այլն:
Թեև, ավելացրեց նա, իշխանությունները շատ լավ գիտեն, թե որտեղ է ստվերը, բյուջեն ինչպես է մսխվում, ինչն էլ, ըստ նրա, ժողովրդի մեջ մեծ վրդովվմունք է կուտակել. «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք մեր քաղաքացիները այս ապատիկ վիճակից դուրս կգան, թե ոչ: Բայց ես կարծում եմ, որ առաջին անգամ եզակի հնարավորություն է տրված` և իշխանությունն է մենակ, և խորհրդարանական ընդդիմադիր ուժերը միասին են, այնպես, որ իսկապես կա պատմական հնարավորություն, որպեսզի Հայաստանը կարողանա ոչ լեգալ իշխանություններից ազատվի ու նոր՝ արդար ընտրություններով ձևավորի լեգիտիմ իշխանությունը, որն էլ բացառապես կփորձի ծառայել հասարակությանը»:
«Ժառանգության» փոխնախագահից հետաքրքրվեցինք` եռյակը ունա՞կ է ապատիայից դուրս բերել ժողովրդին, Panorama.am-ի զրուցակիցն ընդամենը նշեց, որ մարզային հանդիպումները նաև դրա համար են նախատեսված, որպեսզի ոգևորեն ժողովրդին, բայց առաջին հերթին իրենք ուզում են ժողովրդի կարծիքը լսել:
Հարցին, թե ինչով է բացատրում Հրազդանում հանրահավաքի մասնակիցների փոքրաթիվ լինելը, Ա.Մարտիրոսյանն ասաց, թե Աբովյանից հետո կարծես թե ամեն ինչ պարզ էր, թեև հենց Հրազդանում բնակվողները իր հետ զրույցում նկատել են, որ շատ լավ հանրահավաք էր.«Համենայնդեպս այն, որ սադրանքների համար ուղարկված կանայք կային, այն, որ գյուղապետերը մարզպետարանի առջև կանգնած ֆիքսում էին, թե իրենց գյուղերից ովքեր կան և այն, որ մարզպետը նախորդ օրը բոլոր հիմնարկների ղեկավարներին կանչել ու հրահանգնել է, որ աշխատակիցներին 18.30-ից շուտ բաց չթողնեն, այդ ամենը վկայում է, որ իշխանությունն իր բռնաճնշման մեխանիզմը միացրել է, որն էլ սպասելի էր»:
Նաև ավելացրեց, որ ամեն դեպքում հույս ունի, որ քաղաքացիները եռյակի միասնությունը կօգտագործեն և իրենց ակտիվ մասնակցությամբ կուղորդեն որոշակիորեն նաև քաղաքական ուժերին փորձելու դուրս գալ այս իրավիճակից:
Նշենք, որ արդեն վաղը եռյակը հանրահավաքներ է անցկացնելու Սիսիանում և Կապանում և Արմեն Մարտիրոսյանի խոսքով` այնտեղ արդեն սկսվել են ահուսարսափը մեծացնելու ու ժողովրդին վախեցնելուն ուղղված աշխատանքները, բայց ինքը հույս ունի, որ այդ գործողությունները մեծ ազդեցություն չեն ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան