Ավարտվեց «Մեկ րոպեում» սեմինարը
Շատ դժվար է պատկերացնել, թե ինչ կարելի է ասել ու ինչ կարելի է փոխանցել ընդամենը մեկ րոպեանոց ֆիլմի միջոցով: Բայց Դիլիջանցի փոքրիկները ապացուցեցին, որ մեկ րոպեն երբեմն լիովին բավարար է, որպեսզի մտքերդ, հույզերդ դառնան հասանելի բոլորի համար. նախօրեին Դիլիջանում ավարտվեց «Մեկ րոպեում» ֆիլմերի սեմինարը, որն իրականացվեց UNICEF-ի` «Կարող ենք միասին» արշավի շրջանակներում:
Անցած հինգ օրերին 22 երեխաներ, այդ թվում և հաշմանդամություն ունեցող, պրոֆեսիոնալ խորհրդատուների օգնությամբ մեկ րոպեանոց ֆիլմերում ներկայացրեցին իրենց ասելիքը` ակնկալելով, որ այն իսկապես հասցեատեր կունենա և դրանցում արծարծված խնդիրներից ոմանք գոնե կլուծվեն:
«Ես սիրում եմ նայել ամպերին… նրանք այնքան խաղաղ են ու ընկերասեր: Ինձ թվում է` ամպերը իսկական ընկերություն կարող են անել»,- ֆիլմերից մեկում ասում է հաշմանդամություն ունեցող Յուրան ` այսպիսով հասցնելով բոլորիս, թե որքան դժվար է ընկերներ ունենալ ու դուրս գալ մենակ լինելու շրջանակներից: Մենակության թեման իր ֆիլմում արծարծել էր նաև մեկ այլ փոքրիկ, ով ասում է, որ շատ է սիրում խաղալ ու երազում է լավ ընկերներ ունենալ, բայց իր հետ շատ չեն խաղում… և ահա սեմինարի ընթացքում նա ընկեր է ձեռք բերել` Ասյային, ու հպարտանում է իր նոր ընկերուհիով:
Երեխաների ֆիլմերում վեր էին հանվել նաև այլ խնդիրներ, որոնք, թվում է, մանկությունը չպետք է առաջ քաշի, բայց...
«Մենք երազում ենք ընկերներով կինոթատրոնում ֆիլմ դիտել, բայց Դիլիջանի կինոթատրոնը երկար տարիներ չի գործում»,- էկրանին մութ ու դատարկ կինոթատրոնի պատկերին զուգահեռ ասում է ֆիլմի հեղինակը` միաժամանակ ցույց տալով, թե որքան մեծ է այդ ցանկությունը, որ ինքն ու իր ընկերները նայում են կինոթատրոնի տարիներ շարունակ պատկեր չտեսած էկրանին ու փորձում փոխանցել այն զգացողությունները, որ ենթադրյալ ֆիլմը կարող էր նրանց մեջ արթնացնել:
Իսկ 14-ամյա Արծրունը անդրադառնում է Դիլիջանի գրադարանի խնդրին` իր մեկ րոպեանոց ֆիլմում ցույց տալով գրաշխարհի թշվառությունը. անձրևի ժամանակ տանիքը կաթկթում է, գրքերը դրանից խոնավանում ու փչանում, շենքային պայմանները լավագույն ժամանակների սպասումով են, բայց ե՞րբ կգան այդ լավագույն ժամանակները: Արծրունի խնդրանքը` վերանորոգեք մեր գրադարանը, մի զրկեք մեզ գրքերի մոգական աշխարհից…առանց այդ էլ իրականությունը շատ դառն է:
Այն, որ իրականությունն իսկապես դառն է առերեսվում ես հաշմանդամություն ունեցող 15-ամյա Վաչագանի ֆիլմը դիտելիս: Դրանում Վաչագանը վեր է հանում այն խնդիրները, որոնց բախվում է ինքն ու ներառական կրթություն ստացող երեխաների մեծամասնությունը. այո` Հայաստանը որդեգրել է համընդհանուր ներառականության սկզբունքը, այո` դպրոցների մեծամասնությունը բացել է իր դռները հաշմանդամություն ունեցող երեխաների համար, բայց դրա հետ մեկտեղ չեն լուծվել շատ ու շատ հարցեր: Դրանցից մեկը հենց ինքն է իր ֆիլմում ներկայացնում, ցույց տալով, թե որքան դժվար է իր համար և որքան ջանք է պահանջվում իրենից հասնել դասասենյակում իր նստարանին, քանի որ դասասենյակի մանրահատակը կարծես չի’ ցանկանում առաջ թողնել իր հենակը, որի միջոցով նա տեղաշարժվում է և հավելյալ խոչընդոտներ է ստեղծում Վաչագանի համար` հատ առ հատ դուրս թռնելով քայքայված հատակից: Վաչագանի ֆիլմը մեկ նպատակ է հետապնդում` ցույց տալ, որ միայն սկզբունք որդեգրելով չէ, պետք է պայմաններ ստեղծել կամ գոնե ձգտել ստեղծել դրանք: Մինչդեռ ինչպես դրսում չկան թեքահարթակներ, այնպես էլ ներառական կրթություն իրականացնող դպրոցում չկա պայման, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները իրենց «առանձնահատուկ» հերթական անգամ չզգան:
Սեմինարի նպատակն էր ներգրավել հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների մեկ նախագծում, որպեսզի նրանք համատեղ մշակեն և պատրաստեն մեկ րոպեանոց տեսաֆիլմեր: Հինգ օր անց վստահաբար կարելի է ասել, որ դա սեմինարի կազմակերպիչներին հաջողվեց: Ավելին` Դիլիջանում այլևս իրենց միայնակ զգացող երեխաների թիվը 22-ով կրճատվեց, նրանցից յուրաքանչյուրը 21 նոր ընկեր, թև ու թիկունք ձեռք բերեց և որ ամենակարևորն է` 22 զույգ աչքեր այլևս չեն նախանձի ամպերին, քանի որ այստեղ, ներքևում, իրական ընկերության օրինակը իրենց իսկ կողքին է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում