Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ս. Ադոկտոսի և Ս. Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է
Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ էր: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անասելի չարչարանքների:
Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, նրանց թվում` նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են երկու բաժակ թույն պատրաստել՝ սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին: Պատմությանը ծանոթացանք Qahana.am կայքից:
Նահատակվելուց առաջ, երբ Ս. Գևորգ զորավարն աղոթում էր առ Աստված, հանկարծ ձայն լսվեց երկնքից, որն ասում էր. «Ով քո անունով որևէ բան խնդրի՝ կկատարեմ, իսկ դու եկ և վայելիր հավերժական ուրախությունը, որ պատրաստեցիր ինքդ քեզ համար, քո իսկ ճգնությամբ: Ես տալիս եմ քեզ զորություն և իշխանություն բոլոր դևերի և ախտաժետների վրա: Քո անունով դևեր կհալածվեն, կբժշկվեն հիվանդները, իսկ ովքեր տոնեն ու կատարեն քա նահատակության հիշատակը, ես կօգնեմ նրանց, որ ազատվեն նեղությունից, նրանց կփրկեմ բոլոր վտանգներից և փորձանքներից և դուրս կբերեմ բոլոր չար պատահարներից»:
Ս. Գևորգ Զորավարի տոնին, ձևավորված ավանդության համաձայն սրբի մասունքներն ամփոփող մասունքարանը կտարվի Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի: Այս առիթով եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ, որի ընթացքում բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն կունենա հաղորդակցվելու Ս. Զորավարի մասունքներին և արժանանալու դրանցից ճառագող օրհնությանը:
Ս. Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին, հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի օրոք: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսերը, նրան փախցնում է արևելք: Քիստոնյա լինելու պատճառով, կայսեր հրահանգով զրկվում է կոչումից և ունեցվածքից և վտարվում Միջագետք: Տեղի կուսակալին չի հաջողվում Ադոկտոսին հեթանոս դարձնել: Անսասան մնալով իր հավատին` նա գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, ով հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:
Ս. Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Ծառայել է որպես սարկավագ Կ.Պոլսի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվել է նրան երազում և տվել է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 518 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները