ՀՀ-ում Իրանի դեսպան. Հայերն իրանցի ազարիների հանդեպ դրական են տրամադրված
«Հայաստանն ու Իրանն ունեն բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Դեսպան Ռեիսին Արևելյան Ատրպատական նահանգի ղեկավար Էսմայիլ Ջաբբարզադեի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Հայաստանն ու Իրանն ունեն բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, սակայն ցավոք, մենք դեռևս չենք կարողացել մեր երկրի ունեցած հնարավորությունները ներկայացնել Հայաստանին»:
Շարունակելով խոսքը՝ Իրանի դեսպանը հավելել է. «Հայկական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ բարձր որակի ապրանքներ, քանի որ այսօր Հայաստանում ներկայացված են աշխարհի լավագույն ապրանքները, ուստի իրանական որոշ ապրանքներ կարող են դրանց հետ մրցակցել»:
«Հայաստանի հետ մեր հարաբերությունները խորացնելու մեծ հնարավորություններ կան, ուստի, հաշվի առնելով այն փաստը, որ հայերն իրանցի ազարի հանդեպ դրական են տրամադրված, պետք է այդ հնարավորությունները լավագույնս օգտագործել»,-նշել է ՀՀ-ում Իրանի դեսպանը:
Արևելյան Ատրպատականի նահանգապետն էլ իր հերթին նշել է, որ իրանցի ներդնողներն ու գործարարները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա: