iPhone 6-ի շուրջ բարձրացած աղմուկը Էրդողանը հիստերիա է որակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե չի հասկանում iPhone 6-ի շուրջ բարձրացած հիստերիան: Այս մասին վկայակոչելով «Ֆրանսպրես»-ին, գրում է «Գազետա.ռու»-ն:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք մեկնած Էրդողանը տեսել է, թե սմարթֆոնի համար ինչ հերթեր են գոյացել Apple-ի խանութների դիմաց:
«Այդ բրենդը նոր մոդել է թողարկում ամեն տարի: Ամեն դեպքում iPhone 6-ը շատ չի տարբերվում նախորդ տարվա տարբերակից»,-կարծիք է հայտնել հարևան երկրի նախագահը, ավելացնելով, որ մարդիկ իրենց համար գնում են ոչ թե հեռախոսը, այլ բրենդը:
Հիշեցնենք, որ Apple ընկերությունը վաճառքի առաջին երեք օրում տասը երկրում 10 մլն iPhone 6 և iPhone 6 Plus է կարողացել վաճառել: Նոր սերնդի սմարթֆոններն ընկերությունը ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին, ինչից հետո սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կանադայում, Հոնկոնգում, Սինգապուրում, Ֆրանսիայում, Ճապոնիայում սկսվեց դրանց վաճառքը: Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին ընկերությանը հաջողվել է իրացնել 10 մլն սմարթֆոն:
Առաջին գնորդներն արդեն հասցրել են դժգոհություն հայտնել սմարթֆոնի աշխատանքից: