HRW. «Հետապնդումներն Ադրբեջանում աննախադեպ մակարդակի են հասել»
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությամբ:
Ըստ հայտարարության` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և բռնաճնշումները վերջին ժամանակահատվածում արդեն իսկ ճգնաժամային մակարդակի են հասել` լուրջ կասկածի տակ դնելով այդ երկրի` Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները:
«Իրավապաշտպանների և իշխանություններին քննադատողների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պարբերական ճնշումները պարզորոշ կերպով ցույց են տալիս, որ այդ երկիրը խորը արհամարհանք ունի Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ: Եվ թույլ տալ, որ այդ ամենը շարունակվի, նշանակում է լուրջ հարվածի տակ դնել կազմակերպության հեղինակությունը»,- նշել է Հարավային Կովկասի գծով HRW գլխավոր հետազոտող Գիորգի Գոգիան:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նաև նշված է, որ վերջին 2.5 տարում Ադրբեջանը սպառնացել կամ անհիմն կերպով բանտարկել է առնվազն 50 անկախ և ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների, բլոգերների, լրագրողների ու իրավապաշտպանների:
«ԵԽԽՎ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելուց հետո Ադրբեջանի կառավարությունը աննակարագրելի կերպով մեծացրել է քաղաքացիական ակտիվիստերի նկատմամբ բռնաճնշումները, ձերբակալել է ավելի քան 11 մարդու, ևս 9 այլ մարդկանց նկատմամբ հայտարարել են քաղաքական բնույթի մեղադրանքներ` նրանց դատապարտելով տարբեր ժամկետներով ազատազրկումների»,- նշված է հայտարարության մեջ:
Human Rights Watch-ը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ Բաքվի կողմից ոչ կառավարական հասարակական կազմակերպություններին վերաբերվող օրենսդրությունը այնպես է մշակվել, որ զգալիորեն սահմանափակում է այդ կազմակարեպությունների գործունեությունը:
Կազմակերպությունը դիմելով Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը` կոչ է անում պահանջել Ադրբեջանից ազատ արձակել քաղաքական շարժառիթներով բոլոր ձերբակալվածներին, կասեցնել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները, հասարակական կազմակերպությունների դեմ սկսված արշավը, անհապաղ բարեփոխել մարդու իրավունքների պատպանության ոլորտը, որն Ադրբեջանը տարիներ առաջ պարտավորվել էր կատարել ԵԽ-ին անդամակցելիս:
Հատկանշական է, որ հայտարարությունում քաղբանտարկյալների և բռնաճնշումների ենթարկվածների ցանկում հատկապես շեշտադրված են այն անձինք, ովքեր ներկայում իրենց պատիժը կրում են միայն այն պատճառով, որ իրենց գործունեությամբ փորձել են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ժողովրդական դիվանագիտության հարթակի զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում