Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցումը բխում է Արևմուտքի էներգետիկ շահերից
Ռուսաստանի Աստրախան քաղաքում մերձկասպյան 5 երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Իրանի և Թուրքմենստանի նախագահների մասնակցությամբ մեկնարկում է Կասպյան թվով 4-րդ գագաթաժողովը, որի ընթացքում պետք է քննարկվի Կասպից ծովի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցման հարցը: 18 տարի շարունակվող բանակցությունները այսօր կարող է հասնեն իրենց հանգրվանին:
Կարգավիճակի հարցում առկա են տարաձայնութուններ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ կարգավիճակի հարցում բանակցություններում առկա է առաջընթաց և եթե Աստրախանի գագաթաժողովը բարեհաջող ավարտվի՝ Ղազախստանում կայանալիք հաջորդ հանդիպմանը կարելի է համապատասխան համաձայնագիր ստորագրել:
Կասպից ծովի կարգավիճակի շուրջ առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել 2002թ.-ին Աշգաբադում: 2007թ.-ին այն տեղի ունեցավ Թեհրանում, և վերջին անգամ 5 երկրների մասնակցությամբ ձևաչափով հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ 2010թ.-ին:
Բաքվում Կասպյան երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել է անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու և համագործակցության հուշագիրը:
Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը առաջացել է 1991թ.-ից հետո, երբ Կասպից ծովում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացան անկախ հանրապետություններ՝ Ռուսաստանը,Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Մինչ այդ, Կասպից ծովը 250 տարի շարունակ համարվում էր Ռուսական և Պարսկական կայսրությունների քաղաքական և տնտեսական շահերի տարածք:
Կասպից ծովի երկրներից յուրաքանչյուրը յուրովի մոտեցում ունի ծովի և նրա բնական հարստությունների բաժանմանը:
Ռուսաստանը առաջարկում է բաժանել ծովի հատակը միջին գծով, որպեսզի յուրաքանչյուր երկիր՝ ծովի իր սահմաններում ինքնիշխան վերահսկողություն հաստատի հանքային և այլ ռեսուրսների նկատմամբ, սակայն պահպանվի Կասպից ծովի մակերևույթի ընդհանուր օգտագործման և ազատ նավարկության սկզբունքը:
Ադրբեջանը իր հերթին հանդես է գալիս Կասպից ծովի ազգային գոտիներով բաժանման օգտին, ինչը ենթադրում է ծովի հատակի, մակերեսի, օդային սահմանների հստակ տարանջատում:
Նույն դիրքորոշումն էր որդեգրել նաև Թուրքմենստանը, որտեղ երկրի նախագահի հրամանով ստեղծվել էր Կասպից ծովի թուրքմենական հատվածի յուրացման ազգային ծառայությունը, ինչը Ադրբեջանի դիրքորոշման հետ միասին հակասության մեջ է մտնում Կասպից ծովի կարգավիճակի հետ:
Իրանը ցանկանում է պահպանել Կասպից ծովի ընդհանուր օգտագործման գաղափարը, կամ բաժանել այն հավասար մասերի՝ 20%-ով յուրաքանյուր երկրին:
Քաղաքական հակասությունները հանգեցնում են ծովի միլիտարիզացիային
Կասպից ծովի յուրահատուկ դիրքը և բնական հարստությունները այդ տարածաշրջանի վրա են սևեռում ուժային տարբեր կենտրոնների ուշադրությունը և ստիպում Կասպից ծովի երկրներին ուժեղացնել իրենց ռազմական պոտենցիալն ու համալրել կասպյան նավատորմերը:
Կասպից ծովում ամենահզոր նավատորմը ունի Ռուսաստանը: Ռուսաստանի կասպյան նավատորմի մեջ է մտնում գրեթե 30 տարբեր տեսակների և ռազմական հզորությունների նավեր: Ռուսական կասպյան նավատորմի ամենահզոր ռազմանավերն են «Հեպարդը» (Гепард), «Թաթարստանը» (Татарстан) և «Դաղստանը» (Дагестан), որոնք ունեն հրետանային, տորպեդային և հրթիռային համակարգեր:
Ռուսաստանից հետո Կասպից ծովում իր ռազմական պոտենցիալով աչքի է ընկնում Իրանը, որը Կասպից ծովում ունի 3 ռազմակայան, որոնցից մեկը օգտագործվում է զորավարժանքների համար: Իրանը իր տրամադրության տակ ունի չինական «Houdong», գերմանական «Kaman» և սեփական «Sina» արտադրության ռազմանավեր:
Ղազախստանը զիջում է Իրանին և Ռուսաստանին իր ռազմական ներուժով Կասպից ծովում: Ղազախստանի գլխավոր ուժը Կասպից ծովում 20971 դասի «Ղազախստան» (Казахстан) հրթիռային մոտորանավակն է: Մոտակա տարիներին Աստանան ձեռք կբերի հարավկորեական Yoon Young-ha տեսակի հրթիռային մոտորանավակներ և հետագայում շարունակելու է իր նավատորմի համալրումը:
Ադրբեջանի կասպյան նավատորմը համալրված է 159А ռազմանավով և 5 հատ 205П տեսակի հրթիռային մոտորանավակներով: Բացի այդ, Բաքուն Թուրքիայից ձեռք է բերել տարբեր տեսակի նավեր և մոտորանավակներ: Ադրբեջանի ռազմածովային ուժերը համալրված են նաև 770, 771 և 106 դասի ռազմանավերով:
Ինչ վերաբերվում է Թուրքմենստանին, ապա Աշգաբադը ձեռք է բերել «Գայռատլի» (Гайратлы) и «Էդերմեն» (Эдермен) ռազմանավերը, որոնք զինված են «ՈՒրան» (Уран-Э) հրթիռային 16 համակարգերով: Մոտակա ժամանակներս, Թուրքմենստանը պատրաստվում է գնել ևս 3 հրթիռային մոտորանավակ: «Խազար-2012» զորավարժությունների ընթացքում Թուրքմենստանը ցուցադրեց իր կասպյան նավատորմի ներուժը և լուրջ մտադրությունները Կասպից ծովում իր շահերը պաշտպանելու համար:
Այդ երկրի ղեկավարությունը ընդունել է մինչև 2015թ.-ը Կասպյան նավատորմի զարգացման ռազմավարությունը, իսկ 2011թ.-ին առաջին անգամ նշվեց Թուրքմենստանի ռազմածովային ուժերի օրը:
Արևմուտքը Կասպից ծովի էներգակիրների հույսին
Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցումը թույլ կտա արևմտյան անդրազգային ընկերություններին ավելի ակտիվ ներգրավվել այդ տարածաշրջանում ներդրումներ կատարելու և կասպյան ու Կենտրոնական Ասիայի նավթն ու գազը դեպի Արևմուտք արտահանելու համար: ԵՄ-ի էներգետիկ անվտանգության ապահովման և Ռուսաստանից գազային կախվածության նվազեցման համար ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ղազախստանի ու Թուրքմենստանի էներգակիրները:
Արևմուտքի համար Ադրբեջանը պետք է դառնա այն «պատուհանը» որի օգնությամբ ղազախական ու թուրքմենական գազն ու նավթը՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը պետք է հայտնվեն եվրոպական շուկայում: Ադրբեջանը կարծես թե համաձայն է ստանձնել տարանցիկ այդ երկրի կարգավիճակը ու այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
Օրերս Բաքվի մերձակայքում գտնվող Ալյաթի ավանում տեղի է ունեցել միջազգային նոր նավահանգստի լաստանավային առաջին տերմինալի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:
Ղազախստանն արդեն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարանցման հնարավորությունները՝ իր էներգակիրները դեպի Արևմուտք արտահանելու նպատակով:
Բաքվի և ղազախական Աքթաու նավահանգիստների միջև գործում է լաստանավային փոխադրումներ: Թուրքմենստանն էլ ցանկանում է կյանքի կոչել Կասպից ծովի հատակով անցնող Տրանսկասպյան գազամուղի նախագիծը, որը կմիավորի Կասպից ծովի թուրքմենական ու ադրբեջանական ափերը:
Ադրբեջանի կողմից Ղազախստանի և Թուրքմենստանի համար տարանցման երկիր դառնալու ծրագրերին է միտված նաև «Ադրբեջան-2020» ռազմավարությունը:
«Ադրբեջան-2020» ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեռևս 2012թ.-ին:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:
Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթի նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակումներ՝
Կասպից ծովը վերածվում է տնտեսական և քաղաքական սուր մրցակցության բարդ հանգույցի
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում