Հարցում՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. «Կարևոր չէ, թե ինչ համակարգ ենք ընտրում»
Հայաստանի 1300 քաղաքացու 60,1 տոկոսը սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, 25,4 տոկոսը՝ անհրաժեշտություն տեսնում է, իսկ 14,5 տոկոսն ընդհանրապես դժվարացնել է պատասխանել: Հարցվածների 18 տոկոսը վստահում է սահմանադրական բարեխոփումներին, իսկ 81,5 տոկոսը՝ չի վստահում:
Երկրի կառավարման ցանկալի համակարգը՝ ըստ հարցվածների 35 տոկոսի՝ նախագահականն է, 31 տոկոսի կարծիքով՝ խորհրդարանականը, 9 տոկոսի՝ կիսանախագահականը, 8 տոկոսի՝ միապետությունը: 18 տոկոսն ընդհանրապես դժվարացել է պատասխանել:
Հարցումն անցկացրել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ն իրականացրել է քանակական և որակական հետազոտություն ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:
Panorama.am-ի հետ զրույցում «Հայաստանի քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացում» ծրագրի ղեկավար, APR Group-ի ղեավար Ռուբեն Սարգսյանն ասաց, որ ծրագրի հիմնական նպատակն է վերհանել ՀՀ Սահմանադրության մեջ առկա խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաև բնակչության ակնկալիքները նոր Սահմանադրությունից, որոնք հանրային քննարկումների և քարոզարշավների միջոցով կներկայացվեն ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ դրանք ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ընդգրկելու նպատակով:
Հետազոտության առաջին մասում իրականացվել են 36 խորին հարցազրույցներ, որոնք ընդգրկել են սահմանադրական փոփոխությունների գործընթացի բոլոր դերակատարներին և կողմերին՝ պաշտոնական, ակադեմիական և հանրային:
Հետազոտության երկրորդ փուլում իրականացվել է քանակական հարցում ամբողջ Հայաստանի տարածքով 1300 բնակիչների շրջանակում, որով պարզվել են ՀՀ բնակչության սպասելիքները գալիք փոփոխություններից և Սահմանադրության դերակատարությունը ամենօրյա կյանքում: Որակական ուսումնասիրության հիմնական նպատակն է պարզել մասնագետների կարծիքները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, իսկ քանակական ուսումնասիրության՝ պարզել Հայաստանի բնակչության կարծիքը նույնի հարցի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է որակական ուսումնասիրությանը, ծրագրի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցում իրականացրել են դասախոսների, փաստաբանների, ԱԺ պատգամավորների, իրավապաշտանների շրջանում:
«Կարծիքները շատ տարբեր են: Հիմնականում նշում են, որ խնդիր ունենք ոչ թե սահմանադրության դրույթները ճիշտ ձևակերպելու հարցում, այլ եղած նորմերը կիրառելու, բացի այս, սահմանադրական այս փոփոխությունները հանրային պահանջով չեն ձևակերպված, այլ մեկ օր իշխանության կողմից որոշվեց ու ստեղծվեց հանձնաժողով: Եթե անգամ իշխանությունը բարի միտում ունենա, հապշտապ գործողությունները բարի միտումները կասկածի տակ են դնում, դրա մեջ ավելի շատ տեսնում են իշխանությունների վերարտադրման թաքնված գործիք»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա, մասնակի կարծիքներ կան, որ բարեփոխումների անհրաժեշտություն կա, պետք է բարելավել սահմանադրությունը, բայց ոչ ամբողջական, արմատական, այլ կոնկրետ բաժիններ են նշում, օրինակ՝ մարդու իրավունքների բաժինը բերել համակարգվածության երաշխավորվածության առումով, վերանայել խղճի ազատության հետ կապված դրույթները:
Ըստ նրա, բնակչության շրջանում ընդհանրապես անհրաժեշտություն քչեր են գտնում, մի մասը տեղյակ է, մի մասն ընդհանրապես տեղյակ չէ:
«Իմ կարծիքով, այսօր մենք ավելի շատ գործող Սահմանադրության դրույթների կիրառության խնդիր ունենք, քան ճիշտ ձևակերպումների: Գործող Սահմանդրությունը երբևէ կառավարման ճգնաժամ չի առաջացրել կամ նման վտանգ չի ստեղծել, իր իրավակարգավորումների մեջ հնարավոր էր պրակտիկ կիրառմամբ բոլոր լուծումները գտնել: Ամեն դեպքում մեր խնդիրը կիրառություն էր, իսկ անընդհատ փոփոխությունները բերում են նաև անկայություն, պետության վրա բյուջետային ծախսեր»,- ասաց Հ. Տիգրանյանը:
Ծրագրի փորձագետ Արա Ղազարյանն էլ ասաց, որ փորձագետների մի մասը գտնում են, որ բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց վերապահումով: Նման տեսակետները մի փոքր գերակշռում է:
«Եթե խորհրդարանականի ենք գնում, լավ է, խթանում է ժողովրդավարությունը, բայց ցավալի է, որ կորցրեցինք հնարավորությունը, կիսանախագահական համակարագը վերածվեց սուպերնախագահականի: Դրա պատճառն այն է, որ ընտրությունները կեղծվեցին: Այդ պատճառով հակակշառող դերը Ազգային ժողովի կորավ ընդդեմ նախագահի, նախագահը հասավ մենիշխանության»,- ասաց փորձագետը:
Նա նշեց, որ փորձագետները միանշանակ ասում են՝ անկախ կառավարման համակարգից՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանակ, կարևորը քաղաքական մշակույթն է, ավանդույթները, կարևորը «հաղթողին ամեն ինչ» կարգախոսից հրաժարվելն է, կարևորը փոքրամասնության իրավունքները հարգելն է, նրանց առաջարկությունները տեղ գտնելն է:
«Կարևոր չէ, թե ինչ համակարգ ենք ընտրում, կարևորն այն է, թե քաղաքական ուժերն ինչպես են երկխոսում»,- ասաց Ա. Ղազարյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ իր վերաբերմունքին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցում, նա ասաց. «Մտածում եմ, որ ճգնաժամն այն աստիճանի է խորացել, որ այլևս հնարավոր չէ վերականգնել կիսանախագահական հակամարգի նույնիսկ նվազագույն ատրիբուտները: Ավելի լավ է փոխել համակարգը, քան ձգտել վերադարձնել կորցրածը: Ես առաջարկում եմ խորհրդարանական համակարգը, ինձ հոգեհարազատ է հենց այդ համակարգը: Քանի որ երկար ժամանակ մարդու իրավունքների հարցով եմ զբաղվել, ինձ հենց այս համակարգն է հոգեհարազատ, քանի որ խորհրդարանական համակարգն է լավագույնը խթանում ժողովրդավարությունը, բայց մեկ պայմանով, եթե ընտրությունների լեգիտիմությունն ապահովվի: Իսկ եթե չլինի դա, նորից կունենանք միապետություն, կենտրոը կլինի ոչ թե նախագականում, այլ խորհրդարանում, իսկ ավելի ճիշտ՝ կոնկրետ որևէ կուսակցության գրասենյակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները