Լավություն չաշխատող մայրերին՝ աշխատողների հաշվին. Նախագիծը պատգամավորին ու մայրիկներին ասացվածք հիշեցրեց
Կառավարությունը ցանկանում է աշխատող մայրերի գումարը կրճատելով լավություն անել ու նպաստ տրամադրել չաշխատողներին: Բանն այն է, որ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Փոփոխությունների համաձայն, առաջարկվում է աշխատող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող ամսական 18 հազար դրամը կրճատել և երեխայի խնամքի համար նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին: Ըստ նախագծի, նախատեսվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը)»:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով իր գործընկերների հետ չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագիծն անընդունելի համարեց ու հիշեց ժողովրդական ասացվածք. «Ունքը դզելու փոխարեն աչքն էլ են հանում»:
«Մենք միշտ ասել ենք, որ դա տրվում է երեխային, ոչ թե ծնողին, ես էլ երեխա ժամանակ պետությունից նման գումար եմ ստացել, կոչվում էր կաթի փող»,-Panorama.am-ին ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:
Նախագիծը խիստ դժգոհություններ է առաջացրել նաև մայրիկների շրջանում, նրանք անհեթեթ են համարում փոփոխությունները: Ֆեյսբուքյան «Հայ ծնողների անկյուն» խմբում մայրիկները կողմ են, որ չաշխատողներին էլ նպաստ տրամադրվի, միայն թե դա չլինի աշխատողներին տրամադրվող նպաստի ու դրա տրման տևողության կրճատման հաշվին:
Հայ մայրիկներն էլ այս նախագծի առնչությամբ մեկ այլ ասացվածք են հիշել. «Հարսի ....ով փեսուն լավություն են անում»:
Օրինագծով նախատեսված հաջորդ կրճատումը կապված է նպաստի չափի հետ՝ պայմանավորված աշխատանքային ստաժի տևողությամբ: Ըստ նախագծի, նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.
1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է,
2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է,
3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:
4) Առաջարկվում է չաշխատող մայրիկներին տրամադրել նաև հղիության և ծննդաբերության նպաստ, այն վերանվանվելու է մայրության նպաստ և սահմանվում է, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:
Դրա փոխարեն որոշ դեպքերում կրճատվելու է աշխատող մայրիկներին տրամադրվող նպաստի չափը, ինչին մի անգամ ցույցերով արդեն ընդդիմացել են հղի կանայք, ու օրենքն էլ չեղյալ համարվեց:
Նախարար Ա. Ասատրյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է.
1. Չաշխատող կնոջը տրվող նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձից, վերանայելով նպաստը հաշվարկելու կարգը (նպաստ հաշվարկելու համար՝ հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):
2. Սահմանել աշխատող մոր հղիության և ծննդաբերության (մայրության) նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝
1) առաջին և երկրորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 400 000 դրամ),
2) երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3 500 000 դրամ):
Հիշեցնենք, որ չաշխատող մայրերին էլ երեխայի խնամքի նպաստ տրամադրելու վերաբերյալ օրինագծեր էին առանձին-առանձին ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորները: Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի նիստում կառավարությունը նպատակահարմար չհամարեց նախագծի ընդունումը: Գործադիրը հիմնավորեց, որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այս դեպքում էլ լուծում է առաջարկում, պետք է չաշխատող մայրիկներին սկսել նպաստ տրամադրել աստիճանաբար, նախ ուսանող մայրիկներին, ապա սոցիալապես անապահով ընտանիքներին:
«Աշխատանք չունեցողները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներն են: Ամսական այդ նպաստը որոշ չափով օգնություն կլինի նրանց համար, մանավանդ որ տեսնում ենք երեխաների համար նախատեսված կերերը ինչ թանկ են»,-Panorama.am-ին ասաց պատգամավոր Մարգարյանը:
Հ. Մարգարյանը գիտակցում է, որ երկրում այսօր շատ խնդիրներ կան, սակայն համոզված է, որ ջանքեր գործադրելու դեպքում այս խնդրի լուծման համար միջոցներ կգտնվեն:
Panorama.am-ը պատրաստ է հրապարակել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեկնաբանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան