«ՀՀ-Հունաստան գործարար համաժողովը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի մասնակցությամբ այսօր Երևանում մեկնարկեց Հայաստան-Հունաստան գործարար համաժողովը: Այն անցկացվում է Հունաստանի նախագահի` Հայաստան պետական այցի շրջանակներում:
Ինչպես համաժողովի բացմանը նշեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, համաժողովն անցկացվում է հայ-հունական առևտրատնտեսական կապերի ստեղծման և ընդլայնման նպատակով:
Նրա խոսքերով` համաժողովը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացնելու իրենց ներդրումային, գործարար առաջարկները, կնպաստի երկու երկրների միջև նոր կապերի ստեղծմանը, փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Ռ.Հարությունյանը նշեց, որ Հունաստանից Հայաստան են ժամանել հունական 16 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են արդյունաբերության տարբեր ոլորտներ` տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և սարքավորումներ, մետալուրգիա, անշարժ գույք, հեռահաղորդակցություն, հագուստ, գյուղատնտեսություն, բժշկական զբոսաշրջություն, տուրիստական ծառայություններ:
«Համաժողովի ընթացքում կներկայացվեն Հայաստանի և Հունաստանի ներդրումային միջավայրերը, գործարարությամբ զբաղվելու պայմաններն ու գրավչությունը, ինչպես նաև երկկողմանի համագործակցության հնարավորությունները: Հույս ունենք, որ այս համաժողովի անկացումով նոր համագործակցության հիմք կդրվի»,- ասաց Ռ.Հարությունյանը` հավելելով, որ հունական կողմին կարող են առաջարկել օգտվել Հայաստանի, Մաքսային Միության և ԱՊՀ երկրների ազատ տնտեսական հարաբերություններից:
«Այսինքն` Հայաստանը նրանց կարող է օգնել մուտք գործել այդ շուկաներ: Մենք պատրաստվում ենք այդ հարցը քննարկել հույն գործարարների հետ»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով առևտրաշրջանառության ծավալներին, Ռ. Հարությունյանը նշեց, որ նախորդ տարի այն կազմել է ընդամենը 22 մլն դոլար: Առևտրաշրջանառության մեջ գերակշռում է Հունաստանից Հայաստան ներմուծումը, որում հիմնական մասն են կազմում ցիտրուսային պտուղները, ալյումինե փայլաթիթեղը, ծխախոտը, սիգարը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին