Եվրոպայի խորհուրդը համագործակցում է հանցագործների հե՞տ. Ադրբեջանին քննադատող ևս մեկ հայտարարություն
ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների կոմիտեն այսօր միաձայն ընդունել է Ադրբեջանին քննադատող հայտարարություն։
Panorama.am-ի թղթակիցը հայտնում է, որ հայտարարության մեջ հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների և հասարակական կազմակերպությունների առաջնորդների ձերբակալությունները։
Հանձնաժողովը մտահոգված է, որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում` ընդամենը մի քանի շաբաթվա մեջ, քաղաքացիական հասարակության 4 հայտնի ակտիվիստներ՝ Ինթիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը, Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը ձերբակալվեցին։ Լեյլա և Արիֆ Յունուսներին մեղադրեցին անգամ «պետական դավաճանության» մեջ։ Ավելին, ձերբակալվածների թվում են Վացլավ Հավելի մրցանակակիր Անար Մամադլին, նրա գործընկերներ Բաշիր Սուլեյմանովը և Հասան Հուսեյնլին։ Այս բոլոր մարդիկ դատապարտվել են երկարատև ազատազրկման։ Անձինք, ովքեր սերտորեն համագործակցում էին Եվրոպայի խորհրդի հետ։
Հանձնաժողովը գտնում է, որ այս բոլոր ձերբակալություները եղել են ակտիվիստների արտահայտած քննադատական տեսակետների պատասխանը։ Հանձնաժողովը նաև իր մտահոգությունն է հայտնում Լեյլա Յունուսի առողջական վիճակի հետ կապված, ով ենթարկվում է դաժան վերաբերմունքի և զրկված է համապատասխան բուժում ստանալու հնարավորությունից։
Հետևաբար, հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել վերոնշյալ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, ձեռնպահ մնալ մյուսներին անարդար հետապնդելուց և ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշները։
Այն հիշեցնում է, որ ազատ արտահայտման, հավաքների և միավորումների հարգանքը ժողովրդավարական և բազմակարծիք հասարակության գործունեության համար անհրաժեշտ նախապայման է, որին Ադրբեջանը պետք է հետևի, որպես Եվրոպայի խորհրդի անդամ։
Հանձնաժողովը նաև ընդգծում է, որ որպես հրատապ թեմա, սպասում է «ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահություն․ինչ քայլեր են արվել մարդու իրավունքների պաշտպանության հարցում» զեկույցին, որի զեկուցողն է ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամոնը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում