«Ազարիհա.օրգ». Ադրբեջանն իր իրանցի լոբբիստների միջոցով փորձում է խոչընդոտել Թավրիզի և Երևանի կապերի զարգացման
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ օրերս Թավրիզի քաղաքապետ Սադեղ Նաջաֆին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիի միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Երևանի և Թավրիզի կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Իրանական «Ազարիհա.օրգ» կայքը, անդրադառնալով վերոնշյալ հանդիպմանը, տեղեկացնում է, որ Թավրիզի քաղաքային խորհրդի անդամ Հաբիբ Շիրի Ազարը, քննադատելով քաղաքապետին, նշել է, որ ոչ թե պետք է Հայաստանի հետ խորացնել կապերը, այլ այն երկրների հետ, որոնք Իրանի հետ պատմական, կրոնական և մշակութային ընդհանրություններ ունեն:
Իրանական կայքի մեկնաբանը, քննադատելով Թավրիզի ավագանու անդամի՝ Հայաստանի հանդեպ դրսևորած նման կեցվածքը, մասնավորապես նշել է. «Այդպիսի ավագանու անդամ, ինչպիսին Հաբիբ Շիրի Ազարն է, ինչու՞ մեկ անգամ չի խոսել Ադրբեջանում շիական մզկիթների քանդման, սուննիական մզկիթների ավելացման, այդ երկրում հեջաբի արգելման կամ իսլամական գործիչների դեմ կիրառվող ճնշումների մասին»:
Շարունակելով խոսքը՝ «Ազարիհա.օրգ»-ի մեկնաբանը հավելել է. «Հենց Ադրբեջանն է Թավրիզի արտադրողների համար փակել իր սահմանները: Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում Թավրիզի հետ լուրջ տնտեսական գործունեություն իրականացնել, այլև իր քաղաքական լոբբիստների միջոցով Թավրիզին հետ է պահում Հայաստանի հետ համագործակցելուց»:
«Իրանի ու Հայաստանի ցամաքային սահմանը կազմում է 41 կմ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է շուրջ 350 միլիոն դոլար, բնական է, որ առևտրի իրականացման հարցում նշանակալի դեր ունի հենց Թավրիզ քաղաքը»,-եզրափակում է իրանական աղբյուրի մեկնաբանը:
Ուսումնասիրելով հակահայկական դիրքորոշում որդեգրած գործչի՝ Հաբիբ Շիրի Ազարի, պաշտոնական կայքը՝ նկատում ենք, որ նա ասպիրանտական կրթություն է ստանում Բաքվի համալսարաններից մեկում և առաջիկայում պետք է պաշտպանի իր ատենախոսությունը:
Նախորդող հրապարակում՝
ՀՀ-ում Իրանի դեսպան. Հայերն իրանցի ազարիների հանդեպ դրական են տրամադրված
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում